«Նույնիսկ Դոնալդ Թրամփը չի օգնի» Իլհամ Ալիևին


 

«Նույնիսկ Դոնալդ Թրամփը չի օգնի» Իլհամ Ալիևին

  • 11-02-2026 17:44:42   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Փետրվարի 11-ին, ինչպես և ծրագրված էր, ԱՄՆ փոխնախագահ Վեսնը Բաքվից մեկնել է Վաշինգտոն: Մինչ այդ նա տիկնոջ հետ այցելել է «Շեհիդների ծառուղի»: Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը սոցիալական X հարթակում գրել է, որ Վենսը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի «անկախության համար պայքարում զոհվածների հիշատակին»: Ընդսմին, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը շարունակել է, որ դրանով Վենս ընտանիքը «ընդգծել է հիշողության մշակույթի, մարդկային արժանապատվության և խաղաղության կարեւորությունը»:
 
Ադրբեջանում «Շեհիդների ծառուղի» պետական այցը համարվում է հարգանքի տուրք «անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակին»: ԱՄՆ փոխնախագահն, ինչպես հետևում է Բաքվում ամերիկյան դեսպանատան գրառումից, հարգել է «Ադրբեջանի անկախության համար պայքարում զոհվածների հիշատակը»: Այդ պատվավոր հուղարկավորության «ծառուղին» հիմնադրվել է 1990թ. հունվարի 20-ի դեպքերից հետո, երբ խորհրդային զորքերի և Բաքվի բնակչության միջև զինված բախումների հետևանքով «տասնյակ խաղաղ մարդիկ են սպանվել»:
 
ԱՄՆ փոխնախագահի «Շեհիդների ծառուղի» այցի վերաբերյալ տեղեկատվությունից հետեւում է, որ Վենսը գնահատել է խորհրդային ամբողջատիրության դեմ «ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը»: Երեսունվեց տարի առաջ Բաքվում ի՞նչ է տեղի ունեցել, իրական գնահատական կարող է տալ պատմագիտությունը: Քաղաքական առումով Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է ոչ միայն «փակագծերից դուրս բերել» հայկական ջարդերը, այլև այն, որ «ապստամբությունը» ոչ թե խորհրդային կարգերի և կոմունիստական վարչակազմի, այլ ընդամենը Հեյդար Ալիևին իշխանության վերադարձնելու համար էր:
 
Վենսի Բաքու այցի ներքաղաքական նշանակության մասին ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության «Ազադլըգ» թերթի խմբագրականը բավական բնութագրական դիտարկում է արել, ըստ որի, ինչ վարչակազմ էլ Վաշինգտոնում գործի, Իլհամ Ալիևը «նրա համար մնալու է խորթ» և ընդհանրացրել. «Եթե ադրբեջանական ժողովուրդը վաղը որոշի հեռացնել Ալիևին, նույնիսկ Դոնալդ Թրամփը նրան չի աջակցելու»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը