Պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր. հաստատվել է կարգը
12-02-2026 14:10:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը։ Հարցը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն ու դրանց միասնական ստանդարտի ապահովումը Կառավարության առաջնահերթ ուղղություններից են։ Նախարարը նշել է, որ նախորդ տարի «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով սահմանել միասնական ստանդարտ։ Դրանց հիման վրա ստեղծվել են օրհներգի ամբողջական և կրճատ տարբերակների պաշտոնական ձայնագրությունները, որոնք տեղադրվել են Կառավարության և ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքերում՝ հասանելի դառնալով տարբեր կառույցներին և քաղաքացիներին՝ օրենքով սահմանված դեպքերում կիրառման համար։
Ամփոփելով կատարված աշխատանքը՝ ներկայացվել է օրհներգի կատարման կարգը, որը հստակ սահմանում է, թե երբ, որտեղ և որ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը՝ ապահովելով միասնական կիրառություն։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով պետական միջոցառումների ընթացքում օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր։
«Պետական կառույցների բոլոր՝ առավել ևս արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Միաժամանակ կարգավորվում են նաև այն դեպքերը, երբ օրհներգը հնչում է ոչ պետական կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր միջոցառումների սկզբում։ Այս պարագայում նույնպես դիտարկվում է կենդանի կատարումը, իսկ ձայնագրության օգտագործման դեպքում պարտադիր է կիրառել միայն պաշտոնական տարբերակները, որոնք հասանելի են Կառավարության և ԿԳՄՍՆ կայքերում։
ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգին։ Օրհներգի կատարումը պարտադիր է ՀՀ տարածքում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկզբի ու ավարտի հանդիսավոր արարողության սկզբում` նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ:
Օրհներգի կատարումը պարտադիր է նաև ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի` դասերը սկսվելուց առաջ` ուսումնական հաստատության սաների կողմից օրհներգի կենդանի կատարմամբ:
Օրենքով արդեն իսկ սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին պետք է հնչի ՀՀ պետական օրհներգը։ Նոր կարգով հստակեցվում է, որ այն պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ։
«Այսինքն՝ պարտադիր է, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր ներգրավված անձանց մասնակցությունը։ Սա ունի շատ կոնկրետ նպատակ, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը՝ օրհներգը, դառնա երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը՝ սկսած կրթական ամենացածր օղակից։ Այն պետք է ընկալվի ոչ թե պարզապես որպես տեքստ կամ երաժշտություն, այլև որպես իրենց կողմից կատարվող մի ծես, որը դառնում է պետության գիտակցման և պետականության զգացման ամրապնդման կարևոր ուղենիշ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Կարգով սահմանվում է նաև ներկաների վարքագիծը օրհներգի ունկնդրման կամ կատարման ընթացքում. այն պետք է լսել կամ կատարել հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրված։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ օբյեկտիվ անհնարինության դեպքում, օրինակ՝ ֆիզիկական սահմանափակումների կամ այլ հիմնավոր պատճառների առկայությամբ, այս պահանջը չի կիրառվում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է գործնական կյանքում արձանագրված իրավիճակներով։
«Սա չափազանց կարևոր խնդիր է մեր պետական գիտակցության, պետական ատրիբուտների պահպանման և զարգացման տեսանկյունից, ինչպես նաև մեզ՝ քաղաքացիներիս և պետական կառավարման համակարգի՝ պետության նկատմամբ դիրքավորման տրամաբանությամբ»,- ընդգծել է վարչապետը։
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ Կառավարության և ԿԳՄՍՆ պաշտոնական կայքերում հասանելի են օրհներգի կատարման վեց տարբերակներ՝ միայն նվագախմբային, միայն երգչախմբային, ինչպես նաև նվագախմբային և երգչախմբային տարբերակները՝ ամբողջական և կրճատ ձևաչափերով։