Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին


 

Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

  • 12-02-2026 16:19:32   | Հնդկաստան  |  Մամլո հաղորդագրություն

2026 թվականի հունվարի 31-ից փետրվարի 15-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 39-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային ժառանգությունն ու արհեստագործ վարպետներին։
 
Հայաստանի մասնակցությունն այս հեղինակավոր փառատոն-տոնավաճառին իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Հայաստանը ներկայացնում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ձեռարվեստի վարպետներ Արմենուհի Խաչատրյանը, Օվսաննա Պապիկյանը, Արմինե Պողոսյանը։ Ներկայացվում են հայկական գործվածքներ՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և հուշանվերներ։
 
Փառատոնի ընթացքում իրականացվում են նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր՝ հնարավորություն ընձեռելով միջազգային այցելուներին ծանոթանալու հայկական ավանդական արհեստների առանձնահատկություններին։
 
Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությամբ»։
 
Մասնակցությունը այս փառատոնին նպաստում է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստան-Հնդկաստան մշակութային կապերի ամրապնդմանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների պատմական և մշակութային ընդհանրությունները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն