Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնը կապահովի մանկավարժահոգեբանական աջակցություն


 

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնը կապահովի մանկավարժահոգեբանական աջակցություն

  • 12-02-2026 16:53:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության որոշմամբ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի:
 
Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպումն է: Կենտրոնը տրամադրում է նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ այլ ուսումնական հաստատություններում սովորող՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին և ուսումնական հաստատությունների մանկավարժներին։ Կենտրոնի գործունեության նպատակը յուրաքանչյուր սովորողի կրթության ապահովումն է՝ հաշվի առնելով հանրակրթական առարկայական չափորոշիչները և ծրագրերը, սովորողի տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները:
 
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնն ամբողջությամբ կպահպանի կրթահամալիրում կուտակված մասնագիտական փորձն ու ներուժը՝ դրանք ինտեգրելով արդեն որպես ռեսուրս-կենտրոն դիտարկվող կառույցի գործունեության մեջ՝ ապահովելով լսողության խանգարումներ ունեցող երեխաների աջակցության գործառույթը:
 
Կատարված փոփոխությամբ կապահովվի պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կկանխվի կառույցների գործառույթների կրկնությունը, և կապահովվի երեխայի կրթության իրավունքի իրականացում՝ նոր և ավելի համապարփակ մոտեցմամբ։
 
Նախկին հատուկ դպրոցները ռեսուրս կենտրոնների վերափոխելու մոտեցումը բխում է «Հանրակրթության մասին» օրենքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացի կազմակերպման համար տրված նոր կարգավորումներից: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը, և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել են «ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն