Մոսկվան Արևմուտքը «մասնատել է հինգ հատվածի»


 

Մոսկվան Արևմուտքը «մասնատել է հինգ հատվածի»

  • 12-02-2026 17:02:54   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Կրեմլի եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը ՌԻԱ Նովոստի պետական գործակալության համար հոդված է հեղինակել այն կանխադրույթով, որ Ռուսաստանը պետք է հաշվի առնի Ուկրաինայի դեմ պատերազմի «աշխարհաքաղաքական և գաղափարախոսական կոնտեքստը»: Դուգինը ելակետային է համարում իր իսկ քաղաքագիտական մոտեցումը, որ ԱՄՆ նախագահ Թրամփը, անտեսելով միջազգային օրենքը և ձգտելով Միացյալ Նահանգների «գլոբալ առաջնորդության, Արևմուտքը բաժանել է հինգ մասի»:
 
Դուգինի վարկածով՝ դրանք են. ԱՄՆ, Եվրամիություն, Մեծ Բրիտանիա, Գլոբալիստների համաշխարհային ցանց, որի մաս է կազմում ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը և Իսրայել: Ռուսաստանցի իշխանամետ փիլիսոփա-քաղաքագետը Միացյալ Նահանգները չի դիտարկում որպես Ռուսաստանի բարեկամ, բայց և չի դասում նրա թշնամիների շարքին: Նույն գնահատականը նա տալիս է նաև Իսրայելին, իսկ Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային և Գլոբալիստների համաշխարհային ցանցին միանշանակորեն որակում է «Ռուսաստանի թշնամիներ»:
 
Ընդսմին, չնայած որոշակի այլասացություններին, հոդվածի ընդհանուր տրամադրվածությունից հասկացվում է, որ Դուգինը հակառուսաստանյան քաղաքականության մեջ ամենից առաջ մեղադրում է Մեծ Բրիտանիային: Ըստ նրա, այդ երկիրն անցյալ դարի երկրորդ կեսերին լիովին կորցրել է «համաշխարհային գերտերության կարգավիճակը, երբ հնարավորությունների շատ զգալի մասը կամավոր վերապահել է իր նախկին գաղութ ԱՄՆ-ին»:
 
Դուգինի հոդվածում, ի տարբերություն նախորդ հրապարակումների, ընդհանրացումներ և կանխատեսումներ չկան: Նա նույնիսկ դժվարանում է պատկերացնել «հինգ մասի տրոհված Արևմուտքի ապագա աշխարհաքաղաքական խճանկարը», ինչից կարելի է ենթադրել, որ Կրեմլի քաղտեխնոլոգների համար պարզ չէ երկու էական հանգամանք: Առաջինը Միացյալ Նահանգներ-Եվրամիություն հարաբերություններն են: Ոչ ոք դեռևս չի կողմնորոշվում՝ ԱՄՆ-ը Եվրոպայի «դեմ պատերա՞զմ է մղում», թե՞ դրդում ռազմա-քաղաքական ինքնուրույունության: Փորձագետները դժվարանում են նաև գնահատել Եվրամիություն-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ապագան:
 
ՌԻԱ Նովոստիի այս հրապարակումը նախորդում է Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին: Ըստ տեղեկությունների, դրանք նախատեսված են փետրվարի 17-18-ին: Bloomberg-ին հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ քննարկվելու է տարածքների հարցը: Նա բացահայտել է, որ ԱՄՆ-ը ներկայացրել է «Դոնբասի արևելքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու առաջարկը, որից ոչ ռուսներն են հիացած, ոչ՝ ուկրաինացիները»:
 
Ստացվում է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընդհանուր աշխարհաքաղաքական և գաղափարախոսական կոնտեքստը և Ռուսաստանի պատկերացումները հակոտնյա են: Ոչ ոք հանուն Վլադիմիր Պուտինի պատրաստ չէ Ուկրաինայի տարածքի քսան տոկոսը ճանաչել ռուսաստանապատկան: «Մեծ Եվրասիա» նախագիծը, որի հիմնական գաղափարախոսներից է Դուգինը, փաստացի ձախողվել է: Չկա երաշխիք, որ «հինգ մասի բաժանված Արևմուտքի տեսությունը» հերթական քարոզչահնարք չէ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը