Մեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 500 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի հրթիռների և պաշտպանական աջակցության համար
12-02-2026 19:36:47 | | Ի՞նչ է գրում մամուլը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Լոնդոնը Կիևին ավելի քան 500 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի նոր հակաօդային պաշտպանության համակարգերի և հրթիռների համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։«Մինչ մենք մոտենում ենք (ՌԴ նախագահ) Պուտինի կողմից լայնածավալ ներխուժման հինգերորդ տարուն, Մեծ Բրիտանիան և մեր դաշնակիցներն ավելի, քան երբևէ հանձնառու են աջակցել Ուկրաինային։ Ես հպարտ եմ, որ Մեծ Բրիտանիան շարունակում է առաջատար դեր խաղալ, և ուրախ եմ հաստատել կես միլիարդ ֆունտ ստեռլինգի նոր օգնության փաթեթը հակաօդային պաշտպանության համակարգերի համար, որոնք կօգնեն ուկրաինացիներին պաշտպանվել Պուտինի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների անդադար հարձակումներից», - հայտարարել է Հիլին։
Նախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիան սկզբում 150 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի ՆԱՏՕ-ի Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ (PURL) նախաձեռնությանը, որը նախատեսված է Ուկրաինա զենիթային հրթիռների արագ մատակարարումն ապահովելու համար։ PURL ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի երկրները համատեղ պաշտպանական սարքավորումներ են գնում ԱՄՆ-ից Ուկրաինայի համար։
Հիլին հավելել է, որ Բելֆաստում արտադրված լրացուցիչ 1000 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ կմատակարարվի Ուկրաինային 390 միլիոն ֆունտ ստեռլինգի գործարքի շրջանակներում։Հիլիի հայտարարությունը հրապարակվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ Ուկրաինայի պաշտպանության հարցերով շփման խմբին մասնակցող 50 երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպումից առաջ։Ջոն Հիլին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ համանախագահում է այդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։