1in.am Փետրվարի 13-ին մեկնարկում է Մյունխենի անվտանգության 62-րդ խորհրդաժողովը, որ աշխատանքները կշարունակի մինչև կիրակի՝ փետրվարի 15-ը: Այն կբացի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Մամուլին հայտնի է դարձել, որ նա կոչ կանի «ամրապնդել եվրաատլանտյան կապերը և Եվրամիությունը»: Խորհրդաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Ըստ տեղեկությունների, թեև նախապես ծրագրված էր, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին Միացյալ Նահանգները կներկայացնի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սպիտակ տունը «վերջին պահին որոշել է, որ նրան կփոխարինի պետքարտուղար Մարկո Ռուբիոն»: Չինաստանը խորհրդաժողովին կմասնակցի արտգործնախարար Վան Ինի մակարդակով:
Մեկ շաբաթ առաջ Խորհրդաժողովի նախագահի պաշտոնակատար Իշինգերը խիստ քննադատության է ենթարկել Եվրամիության առաջատար երկրների իշխանություններին, որ, նրա գնահատմամբ, անվտանգության և պաշտպանության հարցերում «պետք է ոչ թե հանդես գան ընտրողների համար ականջահաճո հայտարարություններով, այլ ձեռնարկեն առարկայական քայլեր»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն անվտանգության և ռազմաարդյունաբերության բնագավառում եվրոպական երկրների նախաձեռնությունները գնահատել է որպես «Ռուսաստանի դեմ դիմակայության նախապատրաստություն»:
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նախօրեին նա հայտարարել է, որ Ռուսաստանի պետ Ուկրաինայի համար «վատ համաձայնություն երբեք չի ստորագրվի» և մեկնաբանել, որ տարածքների հարցում «որոշում ընդունելու իրավասություն միայն ուկրաինական ժողովուրդն ունի»: Ուկրաինական կարգավորման «խորհրդատվությունների» հաջորդ փուլը «կկայանա առաջիկա օրերին»՝ Խորհրդաժողովի մեկնարկի նախօրեին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը:
Խորհրդաժողովին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի մասնակցությունը սկզբունքային նշանակություն ունի, եթե Գերմանիայի կանցլեր Մերցն, իրոք, ընդգծելու է «եվրաատլանտյան կապերի ամրապնդման անհրաժեշտությունը», մի ուղերձ, որ փաստացի ԱՄՆ հասցեին «կշտամբանք» է: Ուկրաինայի հարցում Ռուսաստանի սպասելիքները կառուցված են ԱՄՆ-Եվրամիություն և Եվրամիություն-Մեծ Բրիտանիա տարաձայնություններից առավելագույն շահ կորզելու հաշվարկով:
Այս իմաստով խիստ ուշագրավ է Խորհրդաժողովի մեկնարկից մեկ օր առաջ Bloomberg-ի տարածած տեղեկությունը, ըստ որի ընթանում են ռուս-ամերիկյան գաղտնի բանակցություններ: Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանը «համաձայն է ամերիկյան դոլարը վերստին ճանաչել որպես միջազգային պահուստային արտարժույթ» և Միացյալ Նահանգներին առաջարկում է հանքարդյունաբերության և էներգետիկ պաշարների արդյունահանման «ազատ գործունեություն ոչ միայն իր ցամաքային տարածքում, այլև Արկտիկայի շելֆում»:
Հարկ է նկատել, որ Մոսկվան իր հերթին մի քանի անգամ նկատել է տվել, որ Վաշինգտոնի հետ բանակցում է ոչ միայն ուկրաինական կարգավորման, այլև «երկկողմ հարաբերություններն ամբողջ ծավալով վերականգնելու» հարցերով: Դիվանագիտական հարաբերությունների բարելավման ուղղությամբ հրապարակային առաջընթաց չկա, բայց դրանից ուղղակիորեն չի հետևում, թե այլ ոլորտներում «գործարքներ չեն քննարկվում»: Այս առումով, երևի, անհրաժեշտ է արձանագրել, որ Վենսի Երևան և Բաքու այցից հետո ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը խոսել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցով ռուս-հայկական բանակցությունների նախապատրաստման մասին: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը կարող է լինել «ճշմարտության պահ», երբ պարզ կլինի՝ սպասվում է ռուս-ամերիկյան «պրագմատիկ գործա՞րք», թե՞ եվրաատլանտյան համերաշխություն: