1in.am Ադրբեջանի հետ բանակցված պայմաններով խաղաղության, մեղմ ասած, ընդդիմախոսները պնդում են, որ «չի կարելի զիջել ազգային ինքնությունը»: Նախաստորագրված պայմանագրով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց քաղաքական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը՝ հիմք ընդունելով ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագիրը, ՄԱԿ-ի Կանոնադրությունը և «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1970թ. Հռչակագիրը:
Երբ ասվում է, որ այդ պայմանագրով «մեր ազգային ինքնությունը զիջում» ենք, հասկացվում է միայն մի բան. «մեր ազգային ինքնությունը և միջազգային իրավունքի սկզբունքները հակոտնյա են»: Եվ եթե մինչև 2018թ. իշխանափոխությունը Հայաստանը հանդես է եկել «ազգային ինքնության առաջնահերթությամբ, ուրեմն դեմ է եղել միջազգային իրավունքին»: Սա շատ վտանգավոր միտում է, որովհետև նույնը պնդում է նաև պաշտոնական Բաքուն՝ ԼՂ խնդիրը ներկայացնելով որպես «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջ», իսկ զինված հակամարտությունը՝ «Հայաստանի կողմից ագրեսիա»:
Մենք կարող ենք «տնային պայմաններում», թող թույլ տրվի ասել՝ «քնարական զեղումներ անել», դրանից ոչինչ չի փոխվում, Հայաստանը կարող է ունենալ ազգային միայն մեկ ինքնություն՝ լինել ինքնիշխան պետություն, ունենալ միջազգայնորեն ճանաչված տարածք և լեգիտիմ սահմաններ, ընտրել պետական կարգը, ձևավորել ազգային իշխանություն՝ ժողովրդի կողմից վերապահված լիազորություններով: Պետությունների, ուրեմն և՝ քաղաքական ինքնության, լեգիտիմության միջազգայնորեն սահմանված հանրաճանաչ սկզբունքները սրանք են:
Ասում են, որ «միջազգային իրավունքն այլևս չի գործում, ամեն ինչ որոշում է ուժը»: Նախ, սկզբունքորեն այդպես չէ: Հակառակ դեպքում պաշտոնն ստանձնելու հաջորդ օրը Միացյալ Նահանգների նախագահը Կանադան կհռչակեր ԱՄՆ-ի նահանգ, Գրենլանդիան՝ անդրծովային գաղութ, Պանամայի ջրանցքը կվերցներ ամերիկյան հսկողության ներքո, իսկ Վլադիմիր Պուտինը կգրավեր Սուվալյան միջանցքը և Մերձբալթիկան կկտրեր ՆԱՏՕ-ից ու Եվրամիությունից: Երկրորդ, եթե ինչ-որ տեղ միջազգային իրավունքն իրոք անտեսվում է, ապա՝ գերտերության կողմից և՝ բացառապես հանուն իր շահերի: Ինչպես Ռուսաստանը նախ Աբխազիան օկուպացրեց, ապա՝ Ղրիմը և արդեն հինգերորդ տարին է՝ ձգտում է «ազատագրել Դոնբասը և Նովոռուսիան»:
Որքան էլ փորձ արվի հայկական ինքնությունը փաթեթավորել պատմական, էթնիկ-քաղաքակրթական և հոգևոր բաղադրիչներով, քաղաքական իմաստը եղել և մնում է պատմական արդարության վերականգնման և տարածքային փոխհատուցում ունենալու կամ ձեռք բերելու գաղափարը: Այստեղ միջազգային հանրության և անմիջական հարեւանների հետ «խաղեր տալ» չի ստացվի: Բավական է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անվանել «թուրքի առջև կզած խաղաղություն», որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե Հայաստանի ընդդիմության պատկերացրած խաղաղությունը որն է:
Բայց դա խնդրի «փայլաթիթեղն» է: Խորքային իմաստով ընդդիմությունը գիտի, երկու տասնամյակ իշխանություն լինելու կամ նրա մաս կազմելու փորձով գիտի, որ պատմական արդարության վերականգնման և տարածքային փոխհատուցում ձեռք բերելու քաղաքականությունը միջազգայնորեն մերժվում է: Նրա այս փուլի քարոզչության ինտրիգը «նույն փոցխին զարնելու» վտանգավորությունն է: Եթե, իհարկե, իշխանության գալու նպատակը ազգային ինքնության հիմքով արտաքին քաղաքականության վերականգնումն է: Իսկ եթե խնդիրը միայն իշխանության վերադարձն է, ապա հոգեպես ավելի ազնիվ չէ՞ր լինի, եթե Հայաստանի քաղաքացու պատմական հիշողությունը և ազգային զգացմունքները չշահագործվեին: