Ալիևն ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել է հայ գերիների հարցը


 

Ալիևն ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել է հայ գերիների հարցը

  • 14-02-2026 12:14:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ադրբեջանի նախագահը հասկացրել է, որ մտադիր չէ ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին։
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ քննարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։ Ալիևը «France24» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Վենսը Բաքու կատարած այցի ժամանակ բարձրացրել է այդ հարցը։
 
«Նա բարձրացրել է նաև այդ հարցը, ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումը։ Այդքան բան»,– ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա միևնույն ժամանակ հասկացրել է, որ մտադիր չէ ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք Ադրբեջանում «դատապարտվել» են ցմահ և երկարատև ազատազրկման: Ալիևը նրանց մեղադրել է ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, որոնք իբր հաստատվել են վկաների ցուցմունքներով։
 
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
 
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը