Նկարիչ և դիզայներ Աննա Հարությունյանը փայլուն է ներկայացել Նյու Յորքի Unique Fashion Show-ում


 

Նկարիչ և դիզայներ Աննա Հարությունյանը փայլուն է ներկայացել Նյու Յորքի Unique Fashion Show-ում

  • 16-02-2026 16:31:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը նկարում է, ստեղծում է հավաքածուներ՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով համամարդկային արժեքների վրա: Նկարչուհու գործերի հիմքում աշխարհն է, կրոնն է, անհատն է, տարբեր ազգերն են՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով։ Հարությունյանի վերջին հավաքածուն հունվարի 31-ին ներկայացվել է Նյու Յորքում՝ Park Avenu Manhattаn-ում կազմակերպված Unique Fashion Show-ի շրջանակում։ Հավաքածուն մեծ հաջողություն է գրանցել։ Ցուցադրությանը ներկա մասնագետներն ու ոլորտի այլ ներկայացուցիչները տպավորվել են հեղինակի ինքնատիպ աշխատանքներով, յուրահատուկ մտածողությամբ ու ձեռագրով։
 
Շոուին մասնակցելու հրավեր է ստացել նախորդ տարի Փարիզում կազմակերպված Unique Fashion Show-ի շնորհիվ, որում ևս մեծ հաջողություն է ունեցել։ «Պատրաստել էի նոր հավաքածուն՝ բաղկացած քսան հագուստից։ Թե՛ Փարիզում, թե՛ Նյու Յորքում հավաքածուները թատերականացված ձևաչափով ներկայացրի։ Ասես հին աստվածների կերպարները կերտած լինեինք. հին աշխարհի՝ Ասորեստանի, Բաբելոնի, Հայաստանի ժողովուրդների ինքնությունն էի ընդգծել։ Նպատակս էր տարբեր ժողովուրդներին միավորել մեկ Աստծո լույսի գաղափարի շուրջ։ Հաճախ եմ նշում, որ ցանկանում եմ վերակենդանացնել ու ժամանակակից լեզվով մատուցել պատմությունը։ Հավաքածուիս հերոսները կենդանանում ու մարդկանց սթափության կոչ են անում, հիշեցնում, որ եղել են, չեն վերացել ու հորդորում են չմոռանալ մեր արմատների մասին»,-պատմում է նկարչուհին։
 
Հարությունյանը տասնվեց տարեկանից է հետաքրքրվել կրոնով, Աստվածաշնչով, փիլիսոփայությամբ: Այդ ամենն արտացոլվել է նրա արվեստում։ Ստեղծել է «Աշխարհի 7 խորհրդանիշները», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի ստեղծման գաղափարը» մոնումենտալ աշխատանքները, որոնք մոգական ազդեցություն են ունենում մարդկանց վրա: Նորաձևության ցուցադրությունից զատ նրա այցը Նյու Յորք նշանավորվել է մեկ այլ կարևոր իրադարձությամբ. մասնակցել է Art Estate Awards հեղինակավոր մրցանակաբաշխությանն ու արժանացել է «Տարվա արտիստ» (Artist of the Year) մրցանակին։ Մրացանակաբաշխությանը մասնակցել են նկարիչներ, հավաքորդներ, երաժիշտներ, դիրիժորներ և արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից։ «Մրցանակս նվիրում եմ իմ Հայաստանին, իմ սիրած քաղաքին՝ Երևանին, և իմ քեռուն՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանին, որը կյանքից հեռացավ Նյու Յորք մեկնելուցս օրեր առաջ»,-ասում է նկարչուհին։
 
Մինչ մրցանակաբաշախությունը Աննա Հարությունյանի մասին հետաքրքիր և ընդգրկուն հոդվածներ են հրապարակել հեղինակավոր պարբերականները, որոնցից է Art Estate magazine-ը, իսկ շոուին համապարփակ հոդվածով անդրադարձել է Bazaar-ը։ Հարությունյանը նաև Universe Art Internatioanal Festival-ի համանախագահն է։ Փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում է հայ երեխաների ստեղծագործությունները։ Այս անգամ ցուցադրություն են կազմակերպել Նյու Յորքում։ Ներկայացվել է 70 աշխատանք։ Ցուցահանդեսին ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը։
 
Աննա Հարությունյանը Փանոս Թերլեմեզյանի անվան արվեստի ուսումնարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Դյուսելդորֆի գեղարվեստական ակադեմիայում, այնուհետև գերազանցությամբ ավարտել է Դուրենի NRW արվեստի ակադեմիայի մոնումենտալ նկարչության բաժինը: 2000 թվականին է վերադարձել Հայաստան և 25 տարեկանում դարձել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ։ Համագործակցել է թատրոնների հետ, բեմական հագուստի ձևավորումներ է արել, մասնակցել է Երևանի տարբեր անկյունների ձևավորման աշխատանքներին։ «Հովեր» երգչախմբի առաջին հագուստների հեղինակն է։ Աշխատել է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հագուստների վրա։ Նկարչուհին մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, նրա աշխատանքները պահվում են Վենետիկի, Գերմանիայի թանգարաններում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն