Հայաստանում Եկեղեցու դեմ արշավ գոյություն չունի


 

Հայաստանում Եկեղեցու դեմ արշավ գոյություն չունի

  • 16-02-2026 18:33:10   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել «Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականապես դրդված արշավը» դատապարտող հայտարարությամբ, հայտնել են հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ: Ըստ yerevan today-ի, CCAF-ը, մասնավորապես, գտնում է, որ «այն պահին, երբ հայ ժողովուրդը կանգնած է արտաքին սպառնալիքների առջև, նա չի կարող իրեն թույլ տալ նման բախումներ, որից կարող են ուրախանալ միայն նրա հակառակորդները»:
 
Մի կողմ թողնենք իրողությունը, որ երբ Հայաստանը կանգնած էր առարկայական-ռազմական ներխուժման սպառնալիքի առջև, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականը ոչ մի հակակառավարական ցույցեր և երթեր էր գլխավորում, այլև ուղղակիորն գլխավորում էր Ազգային ժողովի դեմ գրոհը և ցուցարների ու իրավապահների միջեւ ճակատային բախումներ հրահրում, իսկ մինչ այդ ստացել էր կաթողիկոսի օրհնությունը: Այդ, իրոք, ճգնաժամային օրերին CCAF-ը մտահոգված չէր, որ հայ ժողովրդի թշնամիները դրանով միայն ուրախանալ կարող են:
 
Բայց դառնանք Հայտարարության քաղաքական կողմին և փորձենք գնահատել, թե CCAF-ն ո՞ւմ նկատի ունի, երբ արձանագրում է, որ «հայ ժողովուրդը կանգնած է արտաքին սպառնալիքների առջև»: Խոսքը Հայաստանի՞ ժողովրդի, թե՞ աշխարհասփյուռ հայության մասին է: Սա չափազանց սկզբունքային է, որովհետև աշխարհաքաղաքական անվտանգության առումով եթե արտաքին սպառնալիք կա,-իսկ այն լիովին բացառել չի կարելի,-ապա դիմակայության սուբյեկտը Հայաստանն է, որի կառավարությունը գործում է և պետք է գործի նրա ժողովրդից ստացած մանդատի ուժով, փորձի կյանքի կոչել այն ծրագրերը, որ արժանացել են ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահությանը:
 
Սա ազգային-պետական կյանքի կազմակերպման և միջազգային քաղաքական գործընթացներում լեգիտիմ սուբյեկտության նախապայման է, իսկ սուբյեկտության կրողը ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայությունը, այլ՝ Հայաստանի երեք միլիոն քաղաքացիներն են: Նրանք են գնահատում արտաքին սպառնալիքը, անվտանգային միջավայրը և ընթացիկ ու հեռանկարային գործընկերության շրջանակը, այլ երկրների հետ հարաբերությունների մակարդակը, համագործակծակցության նպատակը, պարամետրերը և գործիքակազմը:
 
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն, ապա նա Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ կառույց է, ազգային հաստատություն, որի կարգավիճակը հաստատված է Սահմանադրությամբ, գործունեության կարգը և իրավասությունների շրջանակը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին» դեռևս 2007թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած և ուժի մեջ գտնվող օրենքով: Ի դեպ, նույն օրենքը սահմանում է, որ ՀԱԵ թեմերն արտերկրում գործում են ՀՀ «պաշտպանության ներքո՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան»: Սա նշանակում է, որ եթե, դիցուք, Պակիստանում «հարյուր հազար հայ ապրեր», ՀԱԵ-ն այդ երկրում չէր կարող թեմ հաստատել, քանի դեռ Իսլամաբադի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:
 
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը «խելքի գալու» կոչ անող CCAF-ը նախ պետք է սովորի պետության, նրա կառավարության հետ քաղաքակիրթ հաղորդակցվելու լեզուն, ապա ուսումնասիրի ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: Այդ դեպքում, կարծում ենք, այնտեղ կհամոզվեն, որ Հայաստանում Եկեղեցու դեմ արշավ գոյություն չունի:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը