Փետրվարի 17-ին կդիտվի Արեգակի օղակաձև խավարում


 

Փետրվարի 17-ին կդիտվի Արեգակի օղակաձև խավարում

  • 16-02-2026 19:50:48   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Վաղը՝ փետրվարի 17-ին տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը:
 
Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ:
 
Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե օղակ»:
 
Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:56:26-ին, 16:12:04-ին կհասնի առավելագույն փուլին և կավարտվի 18:27:42-ին, սակայն այս խավարումը Հայաստանից տեսանելի չի լինի։
 
Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, որի դեպքում ականատես են լինում լրիվ խավարման, կամ դրա միայն մի մասը (մասնակի խավարում):
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը