Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի միջև


 

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի միջև

  • 17-02-2026 17:39:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
 
Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
 
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, իսկ մշակույթը դրանց առանցքային բաղադրիչներից է։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապերի խորացման համար։
 
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության խորացումն ու համատեղ ցուցադրությունների կազմակերպումը:
 
Նախարարը շեշտել է նաև Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ամբողջական հետահայաց ցուցադրության անցկացումը՝ այն գնահատելով որպես հայկական կինոյի միջազգային ճանաչման և մշակութային երկխոսության ամրապնդման կարևոր քայլ։
 
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Կողմերը քննարկել են նաև թանգարանային ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ մասնավորապես հավաքածուների պահպանության և վերականգնման ուղղությամբ։ Անդրադարձ է եղել պահոցային պայմանների բարելավմանը, վերականգնողական լաբորատորիաների միջև փորձի և մասնագիտական կարողությունների փոխանակմանը, վերապատրաստման ծրագրերի իրականացմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը:  
 
Լորան լը Բոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման համար։ Նա ներկայացրել է Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նաև կենտրոնում պահվող հայ անվանի նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի արժեքավոր ժառանգությանը։ Լորան լը Բոնը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար հարստացնելու և զարգացնելու հայկական հավաքածուն՝ խորացնելով մասնագիտական համագործակցությունը։ Նա նաև նշել է՝ տպավորված է Հայաստանի մշակութային հաստատություններ և տեսարժան վայրեր կատարած այցելություններից և ոգևորված Հայաստանի, Ազգային պատկերասրահի հետ համագործակցության հեռանկարից։
 
Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ստորագրված  համագործակցության հուշագրով կողմերը նախատեսում են կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, իրականացնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային և կրթական ծրագրեր, այդ թվում՝ գիտաժողովներ, աշխատաժողովներ, կլոր սեղաններ և մասնագիտական քննարկումներ։ Նախատեսվում են նաև մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրեր՝ խթանելով հետազոտողների, ցուցահանդեսների համակարգողների և այլ մասնագետների փոխադարձ այցելությունները և փորձի փոխանակումը։
 
Համագործակցության հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Լորան լը Բոնը։
 
ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն