«Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը Հայաստանում այցելել է մշակութային և կրթական մի շարք կենտրոններ


 

«Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը Հայաստանում այցելել է մշակութային և կրթական մի շարք կենտրոններ

  • 17-02-2026 18:48:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի գլխավորությամբ, այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանց ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 
 
«Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ:
 
«Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային պատկերասրահի հրավերով: Այցը միտված է խորացնելու Հայաստանի և Ֆրանսիայի առաջատար մշակութային հաստատությունների միջև գործընկերությունը, զարգացնելու մասնագիտական երկխոսությունը և ձևավորելու երկարաժամկետ համագործակցության հստակ օրակարգ։ Այցի շրջանակում իրականացվում է հագեցած մշակութային ծրագիր՝ ընդգրկելով Հայաստանի կարևորագույն թանգարանները, արվեստի կենտրոնները և մշակութային ժառանգության վայրերը։
 
Պատվիրակությունն այսօր այցելել է նաև Սերգեյ Փարաջանովի թանգարան, որտեղ նրանց ներկայացվել է հայկական կինոարվեստի նշանավոր գործչի ժառանգությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը ծանոթացել է անվանի երգահանի բազմաշերտ արվեստին։
 
Լորան Լը Բոնի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այցը շարունակվել է Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում, որտեղ պատվիրակությանը ներկայացվել են հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշները, միջնադարյան գիտական ու գեղարվեստական մտածողության կարևոր վկայությունները։
 
Այցեր են իրականացվել Երվանդ Քոչարի և Մարտիրոս Սարյանի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարաններ, ինչպես նաև Գաֆէսճյան արվեստի կենտրոն։ Կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանի պատմության թանգարանում և Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):
 
Մշակութային ծրագրի կարևոր հատված է եղել նաև այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական պատմամշակութային հուշարձաններ՝ Զվարթնոցի տաճար և Էջմիածնի մայր տաճար։
 
Հիշեցնենք՝ Լորան Լը Բոնին այսօր ընդունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ավարտին Հայաստանի ազգային պատկերասրահի և «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր»:
 
 ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն