ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին
17-02-2026 19:42:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ։ Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները՝ հիմնված ժողովուրդների բարեկամության և մշակութային ավանդական կապերի վրա։ Նախարարն ընդգծել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները զարգանում են դրական և կառուցողական մթնոլորտում, իսկ բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր դեր են խաղում համագործակցության հետագա խորացման գործում։
Դեսպան Նիկոլա Նիկոլովը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և մշակութային կապերը ամուր հիմք են բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման համար։ Նրա խոսքով՝ առկա է համագործակցության մեծ ներուժ, որը կարող է նպաստել տնտեսական զարգացման կայուն գործընթացին։ Դեսպանը ներկայացրել է նաև Բուլղարիայի կառավարության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը տեխնոլոգիական զարգացման ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղություններին. ստարտափ էկոհամակարգերի զարգացում, ինչպես նաև հայկական հաջողված նախաձեռնությունների արտահանում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Բուլղարիայում ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման և «Sevan Startup Summit»-ի անցկացման հեռանկարներին։ Այս համատեքստում ընդգծվել է Sofia Tech Parkի և ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև համագործակցության ակտիվացման կարևորությունը:
Քննարկվել են նաև նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, որպես միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պատվիրակության՝ Սոֆիա կատարած այցի շրջանակում տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախանշված ռազմավարական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ արհեստական բանականություն, տիեզերական հետազոտություններ, թվային առողջապահություն և կենսատեխնոլոգիաներ, ՏՏ մասնագետների փոխանակում և ստարտափ էկոհամակարգի զարգացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և գիտական հետազոտությունների կիրառական արդյունքների առևտրայնացում։
Անդրադարձ է կատարվել նաև ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների նոր հնարավորություններին, ինչպես նաև ոլորտում մասնագետների փոխանակման և տաղանդների վերապատրաստման ծրագրերին։
Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը և պայմանավորվել ձեռնարկել գործնական քայլեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ առաջիկա ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով: