Վենս․ Իրանի հետ բանակցություններում կա առաջընթաց, սակայն Թեհրանը դեռ չի ընդունում Թրամփի «կարմիր գծերը»
18-02-2026 11:27:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որոշ առաջընթաց կա, սակայն Թեհրանը դեռ չի ընդունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած «կարմիր գծերը»։
Fox News-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Իրանի հետ բանակցությունները «որոշ առումով լավ են անցել», և կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Սակայն, նրա խոսքով, պարզ է դարձել, որ Իրանը պատրաստ չէ ընդունել այն սկզբունքային պահանջները, որոնք ներկայացրել է Թրամփը։
Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Նա նաև հավելել է, որ Թրամփը Թեհրանի վերաբերյալ «հստակ և կոշտ դիրքորոշումներ» ունի։ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է դիվանագիտական ջանքերը, սակայն վերջնական որոշումը, թե երբ են սպառվել դիվանագիտական հնարավորությունները, նախագահ Դոնալդ Թրամփինն է։
Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները վերսկսել են փետրվարի սկզբին։ ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ինչը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը: Իրանը, մինչդեռ, պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: