Հայաստանն ու ՄԹ-ն շարունակում են խորացնել համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը
18-02-2026 11:55:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը շարունակում են խորացնել համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը, որը միավորում է ավելի քան 2500 մասնակից 29 երկրներից։ Այդ մասին ասված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և ՄԹ պաշտպանության կցորդ Թոմաս Շորլենդ Բոլը այցելել են զորավարժությունը, որտեղ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները համատեղ աշխատել են՝ զարգացնելու կիբեռպաշտպանության կարողությունները և փոխանակելու մասնագիտական փորձը։
Դեսպանը հանդիպել է Հայաստանի և ՄԹ մասնակիցների հետ, հետևել զորավարժության ընթացքին և քննարկել կիբեռդիմակայունության կարևորությունը ներկայիս փոփոխվող անվտանգության միջավայրում։
Հայկական կողմից մասնակցում էին Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
Այսպիսի զորավարժությունները նպաստում են վստահելի գործընկերությունների ձևավորմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և մեր ընդհանուր հանձնառությանը՝ ամրապնդելու անվտանգությունն ու դիմակայունությունը։
Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունը»,- նշված է գրառման մեջ։