ՄԻՊ-ը շարունակում է ակտիվ գործունեությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ
19-02-2026 15:29:49 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
2025 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, շարունակել է իրականացնել ակտիվ և հետևողական գործունեություն՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։
Մշտադիտարկումների շրջանակներում չհայտարարված այցեր են իրականացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի և Արմավիրի, ինչպես նաև Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի նստավայրեր։
Իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման պայմանները, խցերի կահավորանքը, սանիտարահիգիենիկ վիճակը, ազատությունից զրկված անձանց սննդով ապահովման և իրավաբանական օգնության կազմակերպումը, ինչպես նաև՝ վերջիններիս իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցեր։
Չնայած դատարանների շենքերում կատարված վերանորոգումների արդյունքում արձանագրված որոշ դրական տեղաշարժերին՝ ոլորտում շարունակում են պահպանվել համակարգային խնդիրներ։
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝
▪️ օրենսդրությամբ պատշաճ կարգավորված չեն ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու և պահման բավարար պայմանների հետ կապված հարցերը, ներառյալ՝ պատշաճ սնունդ և բուժօգնություն ապահովելու, նրանց առողջության պահպանման, ինչպես նաև՝ դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ապահովելու և այլ հարցեր,
▪️ դատարանների շենքերում մուտքերը, խցերը, դրանց սանհանգույցները, ինչպես նաև՝ խցերից դեպի դատական նիստերի դահլիճ բարձրացող աստիճանասանդուղքները հարմարեցված չեն տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեցող անձանց կարիքներին,
▪️ դատարանների խցերում սանհանգույցները բնակելի տարածքից առանձնացված չեն ամբողջական պատով և կահավորված չեն դռներով,
▪️ դատարանների խցերում նախատեսված չեն սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ՝ սեղան, սպասք, այդ թվում՝ խմելու ջրի բաժակներ,
▪️ առանձին դեպքերում խցերը ունեցել են վերանորոգման և մաքրման աշխատանքների իրականացման անհրաժեշտություն,
▪️ որոշ խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները (հիգիենիկ թուղթ, օճառ) և աղբամանները,
▪️ շարունակում են խնդրահարույց մնալ դատարաններ տեղափոխվող ազատությունից զրկված անձանց սննդով ապահովելու հետ կապված հարցերը․ վերջիններիս չի տրամադրվում սնունդ՝ ինչպես քրեակատարողական հիմնարկից, այնպես էլ՝ ձերբակալվածներին պահելու վայրից դատարան տեղափոխվելու պարագայում,
▪️ օրենսդրությամբ սահմանված չեն դատարանների խցերում պահվող անձանց հանձնուքների ընդունման ընթացակարգեր, և դատարաններն ապահովված չեն հանձնուքների տեխնիկական զննման սարքավորումներով,
▪️ փաստաբանների և ազատությունից զրկված անձանց խորհրդապահական առանձնազրույցներ ապահովելու նպատակով դատարանների շենքերում նախատեսված չեն հատուկ առանձնացված տարածքներ։
Մշտադիտարկման այցերի արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման վրա ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, տարիներ շարունակ արձանագրված խնդիրների մի մասը շարունակում է չստանալ համապարփակ լուծում, ինչը առանձին դեպքերում հանգեցնում է ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքների ապահովման հետ կապված խնդիրների։
Ոլորտին առնչվող օրենսդրական բացերը և հստակ ընթացակարգային մեխանիզմների անբավարարությունը շարունակում են հանգեցնել ազատությունից զրկված անձանց իրավունքների տարաբնույթ խախտումների, ինչն արձանագրվում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում։