Կսահմանվեն ներդրումների և ներդրողների պաշտպանության երաշխիքները՝ ժամանակակից միջազգայնորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ
19-02-2026 15:02:30 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Գիրք նվիրելու օրվան.
«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ավելի քան 15 տարի մեր երկրում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Եվ այս կապակցությամբ մեր նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ: Իհարկե, այս գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց մենք սիրով գործընկերներին ենք փոխանցել ժամանակակից հայ գրողների, նաև թարգմանական գրականության նմուշներ: Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենաք, նաև գուցե միմյանց փոխանցենք մեր կարդացած գրքերը, որովհետև սա իսկապես մեր աշխատանքի և զարգացման կարևոր բաղադրիչ է: Իրականում, ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության շատ կարևոր և առաջնահերթ ուղղություն է»:
Գործադիրը հավանություն է տվել «Ներդրումների մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է բարելավել ներդրումային միջավայրը: Ըստ հիմնավորման՝ տնտեսական և իրավական հարաբերությունների զարգացման ներկա փուլում անհրաժեշտ է ներդրումային հարաբերությունների համար արդիական, ամբողջական և համապարփակ կարգավորում, որն ի զորու կլինի ապահովելու ներդրողների իրավական պաշտպանվածությունը, խթանելու նոր ներդրումների ներգրավումը և ամրապնդելու պետական քաղաքականության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։ Օրենքի նախագիծը՝ սահմանում է ներդրումների և ներդրողների պաշտպանության երաշխիքները՝ ժամանակակից միջազգայնորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ։ Օրինագծով սահմանում է ներդրումային խթանների (արտոնությունների) տեսակները, դրանց նպատակը, բնույթը կիրառման իրավական հիմքերն ու մեխանիզմները։ Բացի այդ, առաջարկվում է ներդնել ներդրումային խթանների տրամադրման ճկուն մեխանիզմ, այն է` ներդրումային պայմանագրերի միջոցով խթանների տրամադրումը: Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել հնարավորություն ներդրումային խթանները տրամադրել ոչ միայն օրենքների կամ ՀՀ կառավարության որոշումների հիման վրա, այլ նաև՝ ներդրումային պայմանագրերի միջոցով։ Նման մոտեցումը կստեղծի առավել ճկուն և հասցեական մեխանիզմ՝ ներդրողներին խթաններ տրամադրելու համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ ներդրումային նախաձեռնության առանձնահատկությունները։ Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ ներդրումային պայմանագրի հիմնական պայմանները, չափորոշիչները և գերակա ներդրումային ուղղությունները կսահմանվեն Կառավարության որոշմամբ։