Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին
19-02-2026 19:48:24 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում պարգևատրել է արդեն 2-րդ տարին անցկացվող Մայրենիի (ընթերցանության) օլիմպիադայի հաղթող շուրջ 25 աշակերտներին:
Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Օլիմպիադան նախատեսված է 5-րդ և 6-րդ դասարանի սովորողների համար: Նպատակն է խթանել ընթերցանության մշակույթը, զարգացնել լեզվամտածողությունն ու կարդալու տեխնիկան:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ընթերցանության օլիմպիադային մասնակցելու համար՝ ընդգծելով՝ դա նշանակում է, որ նրանք կարևորում են գիրքն ու ընթերցանությունը. «Երկրորդ տարին է, որ կազմակերպվում է ընթերցանության օլիմպիադան, ու ես շատ ուրախ եմ, որ մասնակցության էական աճ ունենք: Այդ մասին են վկայում թվերը. առաջին տարում դպրոցական փուլի օլիմպիադային գրանցվել էին 9934 երեխաներ, այս տարի գրանցվել ՝ 17 889 երեխա, այսինքն՝ մասնակցությունը կրկնապատկվել է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի ուսուցիչներին, ընտանիքներին, քանի որ գրքի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նախ ընտանիքում, ապա դպրոցում: Երեխան սովորում է նաև, որ գիրքը կյանքի բոլոր փուլերի կարևոր ուղեկիցն է, անկախ մասնագիտությունից և ոլորտային հետաքրքրություններից»:
Նախարարն ընդգծել է, որ օլիմպիադայի պահանջները պատահական չեն. դրանք նպատակ ունեն զարգացնելու տեքստը կարդալու, ընկալելու, հասկանալու հմտությունները։ Ըստ նախարարի՝ երբ կարդալը դառնում է ապրելակերպի մաս, հաջողությունները դառնում են շարունակական: Նախարարը աշակերտներին մաղթել է ավելի մեծ հաղթանակներ՝ հույս հայտնելով, որ նրանք ակտիվորեն կմասնակցեն նաև մյուս օլիմպիադաներին:
2025–2026 ուսումնական տարում ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլին գրանցվել ՝ 17 889 աշակերտ, որոնցից 15 158-ը մասնակցել են, իսկ մարզային փուլ անցել են 597 սովորողներ։
Նախարարը անդրադարձել է նաև Հակոբ Կարապենցի անվան նորակառույց դպրոցի պայմաններին՝ ընդգծելով՝ նման պայմաններ են նախատեսվում բոլոր դպրոցների և երեխաների համար: Նշենք, որ դպրոցը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում. հաստատությունն ապահովված է ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխան գույքով և ենթակառուցվածքներով։
Միջոցառմանը մասնակցել է նաև գրականագետ Արտավազդ Եղիազարյանը, որը երեխաների հետ անցկացրել է քննարկում իրենց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։