Վաշինգտոնը Իրանին չի առաջարկել երկու-երեք տարով դադարեցնել ուրանի հարստացումը. Արաղչի
20-02-2026 19:20:02 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններում գնդակն այժմ ամբողջությամբ ԱՄՆ-ի դաշտում է․ MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, որ Վաշինգտոնը Թեհրանին չի խնդրել ընդմիշտ հրաժարվել ուրանի հարստացումից։ Թեհրանը Վաշինգտոնին չի առաջարկել նաև Իրանում ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցում: Հաղորդագրություններն այն մասին, թե իբր Իրանն առաջարկել է երկու-երեք տարով դադարեցնել ուրանի հարստացումը, չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև՝ պնդումները, որ Միացյալ Նահանգները պահանջել է դրա ամբողջական դադարեցում:
«Մեր միջուկային ծրագրի ռազմական լուծում գոյություն չունի։ Դրա դեմ նախորդ զանգվածային հարձակումները չեն կարողացել ոչնչացնել այն: Մենք ինքներս ենք մշակել մեր միջուկային ծրագիրը մեր գիտնականների ջանքերի շնորհիվ, և այն չի կարող ոչնչացվել ռմբակոծություններով կամ ռազմական գործողություններով»,- ասել է նա։
Արաղչին ընդգծել է, որ միջուկային ծրագրի հարցը լուծելու և դրա խաղաղ բնույթն ապահովելու միակ միջոցը բանակցություններն ու դիվանագիտական լուծումն են։
«Բանակցությունների մի շարք ուղեցույցներ են համաձայնեցվել՝ հնարավոր ցանկացած համաձայնագրի ձևը հստակեցնելու համար»,- հավելել է նա։