Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց


 

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց

  • 21-02-2026 13:05:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոց։ 
 
Տնօրեն Նաիրա Թադևոսյանի և ՄԻՊ աշխատակազմի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել դպրոցի տարածքում՝ տեղում ծանոթանալով ուսումնական հաստատության պայմաններին, այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային պայմաններին, և դպրոցական առօրյային։ 
 
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում աշակերտների հետ, որի ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: 
 
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության կարևորությունը։ 
 
«Առանց մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության չի կարող լինել նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ։ Ցանկացած բնագավառում գործունեության տեսանկյունից առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը»,- ասել է Անահիտ Մանասյանը։ 
 
Մարդու իրավունքների պաշտպանն աշակերտներին ներկայացրել է իր գործունեության ուղղությունները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև խոսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ 
 
Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին կից երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն