Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամներ Իէն Գիլանին եւ Ջոն Դիին


Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամներ Իէն Գիլանին եւ Ջոն Դիին

  • 27-03-2010 15:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին ընդունել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամներ Իէն Գիլանին եւ Ջոն Դիին, ողջունել հռչակավոր խմբի այցը Հայաստանի Հանրապետություն եւ նշել, որ Հայաստանի երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության, դիմելով անվանի երաժիշտներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք»: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին, ով հայ ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին` բուժելու դաժան աղետի ծանր վերքերը: «Դուք այդ դժվարին գործը փայլուն կատարեցիք»,- շեշտել է Նախագահ Սարգսյանը: «Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ»,- ի պատասխան նշել են ռոքի աստղերը: Իէն Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա քսան տարի առաջ իր այցը Սպիտակ, եւ ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց: Անդրադառնալով երեւանյան համերգին` Իէն Գիլանը ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից, եւ հաճելիորեն զարմացել, որ երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչները հավասար ոգեւորությամբ վայելում են երաժշտությունը: Հանրապետության Նախագահն ու անվանի երաժիշտները խոսել են նաեւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքի մասին: «Մենք մշտապես հպարտ եւ ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ