Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները, հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը․ ԱԳՆ
02-03-2026 18:50:18 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կարո՞ղ եք տրամադրել թարմացված տեղեկատվություն Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման պատճառով այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, և ի՞նչ աշխատանքներ են տարվում:
ԱԳՆ-ն ստացված հարցին ի պատասխան, հայտնել է, որ Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն։
Քննարկումներ են իրականացվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Համապատասխան քննարկումներ են ընթանում նաև վերաբերելի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով: Իրականացվել է կարիքների գնահատում:
ԱՄԷ-ում դեսպանությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ մնալ ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի և համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
Կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն կարողացել վերադառնալ Հայաստան այլ՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից՝ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով: Համապատասխան երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն անհատական կապի մեջ են այդ քաղաքացիների հետ՝ մինչև ՀՀ վերադառնալը հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը։ Այստեղ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։
Դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժի գծին ստացված բազմաթիվ զանգերի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին:
Տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն հնարավոր չվերթների մասով առկա իրավիճակի, հնարավոր փոփոխությունների և տարբերակների վերաբերյալ։
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները.