Փոփոխվել է կրթության չափորոշիչը. 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան. մանրամասներ


 

Փոփոխվել է կրթության չափորոշիչը. 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան. մանրամասներ

  • 02-03-2026 19:00:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի հաջորդ դասարան փոխադրման կարգում:
 
Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։
 
Փոխադրում
 
5-8-րդ և 10-11-րդ դասարաններ - բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։
 
9-րդ դասարան - տարեկան 4-10 և ավարտական քննություններից 8-20 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։
 
Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանի հիման վրա՝ անկախ տարեկան գնահատականներից։
 
Ավարտում
 
12-րդ դասարան - ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է հաստատությունն ավարտած:
 
Գնահատում
 
2025-2026 ուստարում 1-4-րդ դասարաններում (Տավուշի մարզում՝ նաև 5-րդ դասարանի I կիսամյակ) սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից կիսամյակային և տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում ինքնաշխատ եղանակով։
 
2026-2027 ուսումնական տարվանից ՀՀ բոլոր հաստատությունների 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի I կիսամյակում գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով:
 
Մյուս դասարաններում տարեկան գնահատականները ձևավորվում են էլեկտրոնային մատյանում կիսամյակային գնահատականների հիման վրա։
 
Վերաքննություն
 
5-12-րդ դասարաններում տարեկան 1-3 միավոր ստացած սովորողը հանձնում է վերաքննություն հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ը։
 
Վերաքննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին 1-3 միավոր ստանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը (12-րդ դասարանում՝ չի ավարտում)։
 
Պետական ամփոփիչ ատեստավորում
 
4-րդ դասարան․ ատեստավորումն իրականացվում է տարեկան բնութագրերի հիման վրա ինքնաշխատ եղանակով։ Ցածր արդյունք ունեցող սովորողը փոխադրվում է 5-րդ դասարան և ընդգրկվում է երկարօրյա խմբում։
 
9-րդ դասարան՝ ավարտական քննություններ՝
 
Հայոց լեզու (գրավոր թեստ)
 
Գրականություն և Հայաստանի պատմություն (էսսե)
 
Մաթեմատիկա (գրավոր թեստ)
 
Օտար լեզու (բանավոր)
 
Բնագիտություն (ընտրությամբ՝ թեստ կամ նախագծային աշխատանք)
 
Ֆիզկուլտուրա (ստուգարք)
 
Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում՝ Ռուս գրականություն
 
Ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ մայրենի լեզու և գրականություն։
 
Թեստերը կազմում է ԳԹԿ-ն։ Քննություններից 1-7 միավոր ստանալու դեպքում սահմանվում է վերաքննություն (հուլիս/օգոստոս)։ Երկու առարկայից կրկնակի անբավարարի դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։
 
12-րդ դասարան՝ պետական ավարտական քննություններ (հունվար/հունիս)՝
 
Հայոց լեզու և Հայ գրականություն (թեստ)
 
Մաթեմատիկա (թեստ)
 
Հայաստանի պատմություն (թեստ)
 
Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցմամբ դասարաններում)
 
Մայրենի լեզու և գրականություն (ազգային փոքրամասնությունների դասարաններում)։
 
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին որևէ պատճառով չմասնակցելու կամ մասնակցելու և գնահատման 20 միավորային սանդղակով 20 միավորից պակաս գնահատված լինելու դեպքում 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տրվում տվյալ առարկայից ավարտական քննություն հանձնել նաև հունիսին: 12-րդ դասարանի սովորողն առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (այդ թվում՝ քննական առարկաներից) կամ հունիսին անցկացված պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում վերաքննություն է հանձնում իր հաստատությունում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:
 
Էքստեռն կարգ
 
19 տարին լրացած և հաստատությունից դուրս մնացած անձինք կարող են քննություններ հանձնել նույն կամ այլ հաստատությունում կամ էքստեռն կարգով։ Զորակոչվածները կարող են քննություններ հանձնել սահմանված հատուկ ժամկետներում։
 
Բացակայած սովորողի փոխադրում
 
 
1-8 և 10-11-րդ դասարաններում տարեկան 200 ժամից ավելի բացակայության դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։
 
9-րդ և 12-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայության դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։
 
Վերաքննություններին կամ լրացուցիչ քննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին անբավարար ստանալու դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։
 
Լրացուցիչ քննական առաջադրանքները մշակում են հաստատության մեթոդմիավորումները (առնվազն 3 տարբերակ), հաստատում՝ տնօրենը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն