Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ խոսնակը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին
02-03-2026 19:08:29 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժինները շարունակում են աշխատել շուրջօրյա ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ աջակցություն՝ տարանցիկ չվերթերի չեղարկումներից կամ հետաձգումներից տուժած քաղաքացիների համար: Այս ընթացքում դեսպանությունները ակտիվ կապի մեջ են քաղաքացիների, ավիաընկերությունների և տարածաշրջանի գործընկերների հետ՝ հնարավոր փոխակերպված թռիչքների և տեղեկացումների կազմակերպման նպատակով:
«Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն։
Քննարկումներ են իրականացվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով: Համապատասխան քննարկումներ են ընթանում նաև վերաբերելի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով: Իրականացվել է կարիքների գնահատում:
ԱՄԷ-ում դեսպանությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ մնալ ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի և համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
Կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն կարողացել վերադառնալ Հայաստան այլ՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից՝ տարանցիկ չվերթերի չեղարկման պատճառով: Համապատասխան երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն անհատական կապի մեջ են այդ քաղաքացիների հետ՝ մինչև ՀՀ վերադառնալը հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը։ Այստեղ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։
Դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժի գծին ստացված բազմաթիվ զանգերի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն հնարավոր չվերթերի մասով առկա իրավիճակի, հնարավոր փոփոխությունների և տարբերակների վերաբերյալ։
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները.