Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը Շիրակի մարզի դպրոցների աշակերտներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության ակտիվ մասնակցության կարևորությունը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը Շիրակի մարզի դպրոցների աշակերտներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության ակտիվ մասնակցության կարևորությունը
03-03-2026 15:39:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված՝ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ «Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը սկսվում է յուրաքանչյուրից․ արժեքներ և վարքագիծ» խորագրով հանդիպումների շրջանակում մարտի 2-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հյուրընկալվել են ՀՀ Շիրակի մարզի մի շարք դպրոցների մոտ հինգ տասնյակ աշակերտներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը նրանց ներկայացրել է կառույցի աշխատանքը, հիմնական գործառույթներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։
Արմեն Ասատրյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի հենց կրթական միջավայրից՝ աշակերտների շրջանում խրախուսելով հակակոռուպցիոն մտածելակերպն ու նպաստելով ազնվության, պատասխանատվության արժեքների ձևավորմանը:
Կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին՝ ներկայացնելով արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև դրանց շրջանակներում Կոմիտեի նախագահի կողմից սահմանված առաջիկա անելիքները, որոնց շարքում առանձնահատուկ կարևորություն է տրվել հակակոռուպցիոն կրթությանը՝ որպես համակարգային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ուղղություն։ Արմեն Ասատրյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ և կայուն պայքարը հնարավոր է հասարակության ակտիվ մասնակցությամբ՝ կարևորելով հատկապես երիտասարդների ներգրավվածությունն ու իրավագիտակցության բարձրացումը։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ինտերակտիվ քննարկում, աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել հետաքրքրող հարցերն ու իրենց մեկնաբանությամբ ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք երևույթներ, առօրյայում հանդիպող օրինակներ: