Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին


 

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին

  • 03-03-2026 17:48:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։
 
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բարեկամ Բուլղարիայի ժողովրդին, երկրի ղեկավարությանը և դեսպանին՝ մաղթելով բարօրություն և շարունակական հաջողություններ։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության, շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել նախագահի նստավայրում։
 
«Հայաստանն ու Բուլղարիան ունեն դարավոր պատմական, մշակութային և հոգևոր ամուր կապեր»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ գործադրում է բոլոր ջանքերը երկկողմ կապերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրոպական միության հարթակում արդյունավետ և համակարգված համագործակցությունը։
 
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրողություններին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հեռանկարում բացվող հնարավորություններին՝ ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Հայաստան-Բուլղարիա տնտեսական կապերի խթանման տեսանկյունից։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև TRIPP նախագծի վերաբերյալ՝ կարևորելով դրա ներդրումը տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է ժողովրդավարական ինստիտուտների և արժեքների կայացումն ու ամրապնդումը՝ որպես կայուն զարգացման և փոխվստահության հիմք։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն