Գևորգ Պապոյանի գլխավորությամբ աշխատանքային խմբի հանդիպմանը քննարկվել են Հայաստանում կայանալիք գինու միջազգային համտես-մրցույթի նախապատրաստական աշխատանքները
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ աշխատանքային խմբի հանդիպմանը քննարկվել են Հայաստանում կայանալիք գինու միջազգային համտես-մրցույթի նախապատրաստական աշխատանքները
06-03-2026 19:19:03 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի հանդիպում՝ նվիրված 2026 թվականի մայիսի 19-23-ը Հայաստանում կայանալիք Concours Mondial de Bruxelles 2026 գինու միջազգային համտես-մրցույթի նախապատրաստական աշխատանքների քննարկմանը։
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» համտես-մրցույթը համարվում է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթներից մեկը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի շուրջ 400 գինու փորձագետ 60-ից ավելի երկրից՝ գինու վաճառողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ, պատմաբաններ և ոլորտի այլ մասնագետներ։ Միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանին ներկայանալ որպես ժամանակակից և գրավիչ երկիր՝ գինու ու մշակութային զբոսաշրջության ուղղություն։ Այն կնպաստի հայկական գինիների միջազգային առաջխաղացմանն ու նոր գործընկերային կապերի ձևավորմանը։
Նիստի ընթացքում քննարկվել են մրցույթի արդյունավետ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։
Գևորգ Պապոյանը վերահաստատել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու Հայաստանի հանձնառությունը։