Էրդողանը «ձգտում է Իրանի շուրջ իրավիճակում «թուրքական աշխարհը» ինստիտուցիոնալացնել որպես միջազգային քաղաքականության ուժային կենտրոն»
07-03-2026 17:50:07 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Մարտի 7-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ: Այդ մասին հայտնել են Բաքվի լրատվամիջոցները և հավելել, որ նա կմասնակցի Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդաժողովին: Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Ըստ երևույթին, ՔՊԿ «նախարարական գագաթաժողով» հրավիրելու նաախձեռնությունը Թուրքիայինն է: Ամենայն հավանականությամբ, թուրքական պետությունների արտգործնախարարների օրակարգում առանցքային է լինելու Իրան-Ադրբեջան լարվածությունը:
Մարտի 6-ին Իլհամ Ալիևի կարգադրությամբ աշխատանքները դադարեցրել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը, բոլոր դիվանագետները վերադարձել են Բաքու: Ադրբեջանի բանակը, սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր ուժային կառույցները բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի: Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի և Իրանի հետ սահմանակից տասնյակ բնակավայրերի երկնքում «հետախուզական ԱԹՍ-երը շուրջօրյա դիտարկումներ են իրականացնում»:
Ըստ NBC հեռուստաընկերության, որի տեղեկությունները փոխանցել են իսրայելական լրատվամիջոցները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Սպիտակ տնից դուրս անցկացրած խորհրդակցության ընթացքում Իրանի դեմ ցամաքային սահմանափակ ռազմագործողության հավանականությունը չի բացառել»: ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը, սակայն, հայտարարել է, որ այդ տեղեկությունը «հիմնված է ոչ հավաստի աղբյուրների վրա»:
Իսրայելում վերլուծաբանական տեսակետ է իշխում, որ Թուրքիան Իրանի «վարչախմբի փլուզմամբ շահագրգռված չէ՝ զգուշանալով իր սահմանին քրդական պետական կազմավորում ստեղծելու հեռանկարից»: Կարելի է ենթադրել, որ Ստամբուլում ԹՊԿ արտաքին գործերի նախարարների քննարկման մթնոլորտը «բարդ է լինելու»: ԹՊԿ անդամ են Կենտրոնական Ասիայի երեք պետություններ՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղըզստանը: Թուրքմենստանը դիտորդ է և Իրանի հետ ցամաքային սահման ունի:
Եթե Թուրքիան իրոք Իրանում և նրա շուրջ լարվածության հետագա ծավալմամբ և խորացմամբ, մասնավորապես իրանա-ադրբեջանական զինված առճակատմամբ շահագրգռված չէ, ապա ինչո՞ւ Ֆիդան-Արաղչի հեռախոսազրույցի ընթացքում Անկարան Բաքվի և Թեհրանի միջև «թյուրիմացությունները պարզելու» նախաձեռնություն չի դրսևորել կամ ինչո՞ւ Թուրքիայի նախագահն իրանցի պաշտոնյայի հետ այդ հարցը չի քննարկել:
Ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն կարևորել է իրողությունը, որ Իրանի նախագահը «իր արդբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին զանգելու փոխարեն զանգահարել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և ասել, որ իր երկիրը Ադրբեջանի դեմ դրոնային հարձակում չի գործել»: Շահինօղլուի դիտարկման ենթատեքստն այն է, որ Նախիջևանի օդանավակայանի միջադեպի գնահատման հարցում Ռուսաստանը և Իրանը համակարծիք են:
Թուրքիան և ԹՊԿ անդամ երկրները Ադրբեջանի դեմ Իրանից «իրականացված հարձակումը» դատապարտել են: Բայց մի բան է հրապարակային հայտարարությունը, բոլորովին այլ՝ հնարավոր ռազմական բախման «օրհնությունը»: Միաժամանակ, երևի, բացառված չէ, որ Էրդողանը ձգտում է Իրանի շուրջ իրավիճակում «թուրքական աշխարհը ինստիտուցիոնալացնել որպես միջազգային քաղաքականության ուժային կենտրոններից մեկը»: Անցած օրերին Վիկտոր Օրբանը Իլհամ Ալևի հետ հեռախոսազրույց չի ունեցել: Հունգարիան ԹՊԿ դիտորդ անդամ է: Արտգործնախարար Սիարտոն ԹՊԿ Ստամբուլի «նախարարական գագաթաժողովին» կմասնակցի՞: