Թրամփը «դժգոհ» է, որ Մոջթաբա Խամենեին է նշանակվել Իրանի նոր գերագույն առաջնորդ. Fox News
09-03-2026 13:40:36 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է, որ Մոջթաբա Խամենեին Իրանի կողմից նշանակվել է երկրի նոր գերագույն առաջնորդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:Հաղորդավար Բրայան Քիլմիդը հայտարարել է, որ նոր առաջնորդի ընտրության մասին հայտարարությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահի հետ, և նա իրեն ասել է. «Ես դժգոհ եմ»։Քիլմիդը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։Ավելի վաղ Թրամփը լրատվամիջոցների հաղորդագրություններից հետո, որ Մոջթաբա Խամենեին է դարձել Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուն, հայտարարել էր, որ իրեն չի գոհացնում այդ թեկնածությունը։ ԱՄՆ նախագահը պահանջել էր, որ Իրանի առաջնորդին ընտրելիս հաշվի առնվի ԱՄՆ-ի դիրքորոշումը, իսկ Իսրայելը նախազգուշացրել էր, որ նոր առաջնորդը թիրախ կդառնա իր համար։Իրանի նոր Գերագույն առաջնորդի նշանակման մասին հայտարարությունից հետո The Times of Israel-ին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել է մեկնաբանել իրադրությունը՝ ասելով միայն. «Տեսնենք, թե ինչ կլինի»։Ավելի վաղ փորձագետների խորհուրդը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների առաջին օրը սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդուն՝ այաթոլլա Մոջթաբա Խամենեիին նշանակել էր երկրի գերագույն առաջնորդ։