Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025 թվականին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է


 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025 թվականին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

  • 09-03-2026 15:15:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:
 
Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ներկայացնելով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ Վարչությունը միայն 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացրել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:
 
Էդգար Արսենյանի խոսքով՝ 2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ. 87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է:
 
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:
 
2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ: Այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները:
 
Վարչության՝ 2020-2025 թվականների աշխատանքները ամփոփելով նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ:
 
Այսպիսով, միայն Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն