«Պետություն-մասնավոր համատեղ ջանքերով մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ». Արաքսիա Սվաջյան
09-03-2026 18:32:04 | Լոռու մարզ | Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան:
Ուսումնարանը պետական միջոցներով վերանորոգվել է, հագեցվել լաբորատոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով:
Արաքսիա Սվաջյանը «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ շրջել է տարածքում, ծանոթացել նորացված պայմաններին: Տեղում քննարկվել է՝ որքանով են տարածքն ու առկա լաբորատորիաները հարմարեցված «Խոհարարական գործ» մասնագիտության համար: Կողմերը կարևորել են նշյալ մասնագիտության շրջանակում պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնումը՝ կրթական ծրագիրը վերանայելու, դասավանդողներին վերապատրաստելու, ավելի մեծ թվով ուսանողների ներգրավելու հնարավորություններով։
««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը նոր կարգավորումներ է սահմանում՝ ուսուցման գործընթացում ներգրավելու գործատուներին, ընդլայնելու համագործակցության շրջանակը՝ այդպիսով գործունեության լայն դաշտ ստեղծելով մեր սովորողների համար: Պետության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով մասնագիտական ուսուցումը կարող է էլ ավելի գրավիչ դառնալ սովորողների շրջանում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Երեմյան» ակադեմիայի հետ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
Նշենք, որ Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում սովորում է 243 ուսանող: