Թաթոյանի աջակիցները Գեղարքունիքում Ադրբեջանի նոր դիրքի վերաբերյալ տվյալներ են փոխանցել ՊՆ
10-03-2026 13:02:34 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. «Միասնության թևեր» նախաձեռնության անդամները պաշտպանության նախարարությունից պահանջել են կա՛մ փաստերով հերքել Թաթոյանի պնդումները, կա՛մ պատասխան տալ ներխուժման փաստը թաքցնելու համար։
Գեղարքունիքում ադրբեջանական նոր դիրքի վերաբերյալ տվյալները «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր փոխանցեցին ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պահանջելով բացատրություններ։ Նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել Հայաստանի տարածքի հերթական զավթումը։
Նշենք, որ մարտի 4-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Մենք ունենք հստակ փաստեր, ընդ որում՝ դա պրոֆեսիոնալների կողմից երկարատև հետազոտությունների արդյունք է։ Մենք ունենք նաև արբանյակային լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պարոնյանը։
Նա նշեց, որ այդ բոլոր տվյալները փոխանցում են ՊՆ և պատասխան պահանջում նախարար Սուրեն Պապիկյանից։ Ըստ նրա՝ պաշտպանության նախարարը պետք է պատասխանի՝ ինչո՞ւ են կրկին խաբել հանրությանը, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից հերքելով տեղեկությունը։
«Նոր դիրքի տեղակայման և օգոստոսին դիրքերի ամրապնդման արդյունքում ամբողջ Սոթքի հանքավայրը լիովին գտնվում է Ադրբեջանի ԶՈւ–ի տեսադաշտում։ Նաև 8 գյուղ և Վարդենիսի շրջանի մնացած գյուղերը լիովին գտնվում են Ադրբեջանի տեսանելիության գոտում։ Գյուղերի միջև ճանապարհները նույնպես գտնվում են տեսողական վերահսկողության տակ»,- ընդգծել է Պարոնյանը։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչը պնդել է, որ իրենց ասածները փաստվում են արբանյակային լուսանկարներով, ուստի այդ տվյալները հնարավոր չէ հերքել։
«Մեր քաղաքական նախաձեռնությունը՝ մեր ղեկավար Արման Թաթոյանի գլխավորությամբ, հասնելու է նրան, որ այդ մարդիկ պատասխան տան, թե ինչու են ստել, թաքցրել ներխուժումները և այդ մասին չեն հայտնել հանրությանը»,- շարունակեց Պարոնյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «սուտ» անվանեց Արման Թաթոյանի հայտնած տեղեկությունները։ Նույն օրը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բավականին խիստ, երբեմն էլ ագրեսիվ էին արձագանքել Թաթոյանի հայտարարությունների վերաբերյալ հարցադրումներին՝ հերքելով նրա տեղեկությունները։
Նշենք, որ Գեղարքունիքի շրջանում Ադրբեջանի ԶՈւ–ի նոր դիրքի մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել էր «Հետպատերազմ» Telegram-ալիքում դեռևս 2025 թ. սեպտեմբերին։