Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
10-03-2026 14:46:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Նախաքննական մարմինը փետրվարի 24-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
«Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում»,- 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հակակոռուպցիոն դատարանից «Լուրերին» հայտնել են, որ նույն օրը դատարանը, մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարել է այն և կիրառել կալանքը: Ալեքսանդր Սարգսյանին հայտնաբերելու և Հայաստանի իրավասության ներքո գտնվելու դեպքում նրա կալանքի հարցը դատարանը կրկին կքննարկի։
Ըստ Քննչական կոմիտեի՝ եղբայրներ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությանը դրդելու հոդվածով:
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը նույնպես հետախուզման մեջ է, նրա նկատմամբ այլ քրեական վարույթով կա կալանքի որոշում: