Գյումրիի երկու մանկապարտեզում վաղ տարիքի խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
12-03-2026 19:35:44 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Գյումրու «Ժպիտ» և «Հուսո առագաստ» մանկապարտեզներում մարտի 2-ից գործում են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է նշյալ հաստատություններ՝ ծանոթանալու մսուրային խմբերում երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին, նոր ներդրված համակարգի գործարկման ընթացքին։
Նա շրջել է մանկապարտեզներում, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել աշխատակիցների հետ:
Մանկապարտեզներից յուրաքանչյուրն ունի 164 սան՝ 6 խմբով. 1-2 տարեկանների վաղ տարիքի յուրաքանչյուր խմբում 15 երեխա է ընդգրկված։
Նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստմամբ՝ երեխաների ադապտացիայի փուլը հաղթահարվում է, նրանք արդեն սիրով են հաճախում մանկապարտեզ։
Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է երեխաների զբաղվածության ապահովմամբ, խնամքի կազմակերպմամբ, հաստատության գույքային հագեցվածությամբ, մանկավարժների և դայակների մասնագիտական ներուժի զարգացմամբ և ընթացիկ այլ խնդիրներով։
«Ըստ ցուցանիշների՝ մանկապարտեզներում վաղ տարիքի խմբեր ունենալու գաղափարը հաջողված է։ Միասնական ջանքերով և փուլ առ փուլ բոլոր համայնքների համար պետք է ապահովվի այս հնարավորությունը։ Մեզ համար հատկապես համակարգի ներդրման առաջին փուլում չափազանց կարևոր է ապահովել հետադարձ կապ թե՛ մանկապարտեզների աշխատակազմի, թե՛ ծնողների հետ՝ հասկանալու դժվարություններն ու առաջացած խնդիրները, որպեսզի հաղթահարման ճանապարհները միասին գտնենք»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
Պետական միջոցների հաշվին մանկապարտեզների խմբասենյակները կոսմետիկ նորոգվել են և համալրվել անհրաժեշտ գույքով։ Կարևորելով նշված տարիքային խմբի երեխաների խնամքի և զարգացման առանձնահատկությունները՝ ԿԳՄՍ նախարարությունը նախապես կազմակերպել է ծրագրում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, տեղակալների, բուժքույրերի, դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման վերապատրաստումներ:
Մինչ այդ վաղ մանկության տարիքի 2-ական խմբեր էին բացվել նաև Երևանում, 1-ը՝ Հրազդանում։ Առաջիկայում նախատեսվում է ևս երկուսը բացել Երևանում, երկուսն էլ՝ Վանաձորում։
Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբեր հիմնելու պահանջը սահմանված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով այս տարիքային խմբի մսուրի ծառայության հասանելիություն ապահովել բոլոր խոշորացված համայնքներում: