Ի՞նչ իմաստ ունի «Արցախը Հայաստան է և վերջ» սահմանման պահպանումը


 

Ի՞նչ իմաստ ունի «Արցախը Հայաստան է և վերջ» սահմանման պահպանումը

  • 16-03-2026 15:41:30   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Հայաստանի սահմանադրությունը ընդունվել է 1995թ.-ին: Երկրի մայր օրենքի նախաբանի իմաստով,- քանի որ հղում է արվում Անկախության հռչակագրին, իսկ վերջինս ընդունվել է 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման հիմքով,-պատկերավոր ասած՝ Արցախը Հայաստան է և վերջ: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին ներկայացված քաղաքական ամենալուրջ մեղադրանքն այն է, որ եթե նա 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում չհայտարարեր «Արցախը Հայաստան է և վերջ», այլ ընդուներ «ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված ղարաբաղյան կարգավորման հայանպաստ առաջարկությունները, ապա պատերազմ չէր լինի:
 
Պատերազմը եղել է, Լեռնային Ղարաբաղը չկա ոչ միայն որպես վարչա-տարածքային միավոր, այլև՝ հայաբնակ կամ նաև հայ բնակչություն ունեցող տարածք: Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որ կամ պետք է վերջնական ստորագրում և վավերացում անցնի և դառնա կողմերի իրավական համակարգի մաս, կամ «զամբյուղ նետվի»: Ինչպես դա եղավ հայ-թուրքական արձանագրությունների դեպքում:
 
Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ բաց հայտարարել է, որ նոր սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ նման, մեղմ ասած, ոչ պոպուլյար հայտարարությունը միայն մի բան է նշանակում, եթե Հայաստանի սահմանադրության նախաբանը չփոխվի, հայ-ադրբեջանական պայմանագիր չի ստորագրվի, Հայաստանը և Ադրբեջանը կվերադառնան դիմակայության ռեժիմի:
 
Ընդդիմությունը, ինչպես և սպասելի էր, Փաշինյանին սուր քննադատության է ենթարկում և գնահատում, որ նա «խարխլում է պետականության հիմքերը»: Ստացվում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» սահմանումը Հայաստանի պետականության հիմքն է: Եվ եթե այն սահմանադրության նախաբանից հանվում է, պետականության հիմքը խարխլվում է:
 
Այս դեպքում գործ ունենք իրավա-քաղաքական անտրամաբանության հետ, եթե «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը պատերազմի պատճառ է դարձել, ուրեմն այն, ինչպես Փաշինյանն է ասում, կոնֆլիկտահեն է: Եթե ընդդիմությունը գտնում է, ավելին՝ պնդում է, որ այդ սահմանումը պետք է մնա սահմանադրության նախաբանում, ուրեմն նպատակ ունի Ադրբեջանի հետ կոնֆլիկտը պահպանել: Այսինքն, դեմ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի գոյություն ունեցող խաղաղությունը ինստիտուցիոնալացվի, դարձվի գոնե իրավա-պայմանագրային առումով անշրջելի:
 
Այլ բացատրություն պարզապես գոյություն չունի: Ղարաբաղյան առաջին պատերազմի ռազմական հաջողությունները գրեթե քառորդ դար որեւէ իրավական ամրագրում չեն ունեցել: Բացի նրանից, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվել է զինված հակամարտության կողմ և կարգավիճակի սուբյեկտ: Ներկա վիճակում ի՞նչ իմաստ ունի Հայաստանի սահմանադրության նախաբանում «Արցախը Հայաստան է և վերջ» սահմանման պահպանումը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը