Արարատ Միրզոյանը և Օմանի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր


 

Արարատ Միրզոյանը և Օմանի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր

  • 18-03-2026 15:50:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 18-ին Մասկատում, Օման պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաիդ բին Համուդ ալ Մավալիի հետ։ 
 
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ թեև այցի հիմնական նպատակը Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումն է, այն լավ հնարավորություն է տվել անցկացնել նաև ոլորտային հանդիպումներ: 
 
Զրուցակիցները մասնավորապես քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր՝ երկուստեք ընդգծելով Երևան-Մասկատ ուղիղ չվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը:
 
Տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ՀՀ տեսլականի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ և դինամիկ տնտեսական գործընկերությունների խթանմամբ:
 
Արարատ Միրզոյանը և Սաիդ բին Համուդ ալ Մավալին մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարական կրթության, արհեստական բանականության ոլորտներում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ:
 
 ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն