Առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը


 

Առաջարկվում է կատարելագործել հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը

  • 18-03-2026 17:38:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գնումների գործող ընթացակարգով, երբ բացահայտվում է շահերի բախում, օրինակ, գնահատող հանձնաժողովի կամ մասնագիտական խմբի անդամի ու մասնակից կազմակերպության միջեւ, ապա այդ անդամն ինքնաբացարկ է հայտարարում, դուրս է գալիս, որից հետո գործընթացը շարունակվում է: Խնդիրը երբ առաջատար մասնագետների կամ փորձագետների մակարդակում է, ապա մեկ փորձագետին մեկ այլ փորձագետով հնարավոր է փոխարինել, եւ շահերի բախումը փաստացի վերացնել: Առկա է պաշտոնների խումբ, որոնց դեպքում այդպես չէ, ազդեցությունը շարունակում է գործել: Առաջարկվում է համակարգը փոփոխել եւ ունենալ ազդեցության 3 մակարդակ:
 
Առաջին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, Ֆինանսների նախարարը եւ վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները:
 
Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների եւ համայնքի ղեկավար չհանդիսացող ավագանու անդամների), գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները:
 
Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը:
 
«Գնումների մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում ու Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նրա խոսքով ընկերությունը, երբ դիմում է մրցակցային ընթացակարգի կամ որեւէ պայմանագիր է ցանկանում ստորագրել, պետք է հայտարարի, որ համապատասխան փոխկապակցվածություններ առկա չեն: Եթե բացահայտվում է, որ առկա են, ապա պայմանագրի իրականացման գործընթացը դադարեցվում է: Գնահատվում են կազմակերպության իրականացրած հաշվարկային պարտավորությունները եւ վճարվում է դրանց համար: 20 տոկոսով նաեւ պայմանագրի արժեքից տույժ է սահմանվում, եթե ամբողջությամբ է կատարվել պայմանագիրը կամ այն ծավալից, որը պետք է արդեն վճարվեր կազմակերպությանը: Տույժը վճարվելու է երաշխիքից, եթե տույժը երաշխիքից ավելին է, ապա լրացուցիչ ֆինանսական միջոցներով պետք է հատուցի Կառավարությանը՝ համապատասխան խախտումն իրականացնելու համար:
 
«Մենք մասնավոր հատվածին ենք նաեւ ազդակ հաղորդում, որ որոշում կայացնող եւ բարձր ազդեցության մակարդակ ունեցող պաշտոնյաների հետ փոխկապակցված կազմակերպությունները մրցակցության մեջ չեն լինելու իրենց հետ, եւ դաշտը հնարավորինս հավասար է լինելու»,- ընդգծել է փոխնախարարը:
 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով:
 
Ավագ Ավանեսյանը հավաստիացրել է, որ ընտրվել են այն պաշտոնյաները, որոնք իրենց պաշտոնեական դիրքով պայմանավորված՝ ուղղակիորեն ազդեցություն են ունենում գնման գործընթացի վրա:
 
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ հարցը տեւական քննարկումների փուլ է անցել՝ այնպիսի բալանսավորված մեխանիզմ ունենալու համար, որ պետական շահի տեսանկյունից ճիշտ որոշում կայացվի: «Նպատակն էր արհեստականորեն դուրս չմղել գնումներին մասնակցելուց այնպիսի կազմակերպություններին, որոնք լավ կլիներ, որ մասնակցեին եւ այնպիսի պաշտոնյաներին, որոնք իրականում ազդեցություն չունեն տվյալ գնումների գործընթացի վրա»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:
 
Հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում անդրադարձ է եղել փաթեթի ընդունման ռիսկերին, փոխկապակցվածության սանդղակի ճշգրտմանը, որոշ ընկերությունների մասնակցության ընթացակարգային բարդություններին: Գնահատական է հնչել, որ խնդիրը համակարգային է, եւ նման խիստ միջամտություններով այն չի լուծվելու:
 
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ խնդիրը պետական համակարգի եւ բիզնեսի սերտաճումն է: «Քանի որ մենք, ցավոք, դեռ ինստիտուտների կայացածության առումով այն աստիճանի չենք հասել, որ կարողանայինք հընթացս բոլոր ռիսկերը չեզոքացնել, դրա համար գնում ենք այս տարբերակին: Կարգավորումը տնտեսական առումով որոշակի սահմանափակումներ է ենթադրում, բայց կոռուպցիոն ռիսկերի զսպման առումով շատ կարեւոր է»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:
 
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն