ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին
18-03-2026 17:52:37 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին, որը ծանր կորուստ է վրացի եղբայր ժողովրդի համար։
Այս դժվարին պահին իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Վրաստանի պետական այրերին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին։
Իլյա Երկրորդը հավատի ուժի և զորության, իր ժողովրդի համերաշխության և միասնականության յուրօրինակ խորհրդանիշ էր: Նրա գործունեությունը մշտապես միտված է եղել Վրաստանի պետականության ամրապնդմանը, տարածաշրջանում խաղաղության, միջկրոնական և ազգամիջյան հանդուրժողականության հաստատմանը։
Իլյա Երկրորդի լուսավոր հիշատակը և նրա թողած հոգևոր ժառանգությունը կշարունակեն ոգեշնչել գալիք սերունդներին՝ ծառայելու մարդասիրական և քրիստոնեական վեհ գաղափարներին»: