Զելենսկին Իսպանիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքում մի շարք համաձայնագրեր է ստորագրել
18-03-2026 18:14:05 | Իսպանիա | Ի՞նչ է գրում մամուլը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բանակցություններ են վարել Մադրիդի Մոնկլոա պալատում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Սանչեսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամը չի շեղի Իսպանիայի ուշադրությունն Ուկրաինային աջակցելուց։«Մենք չենք կարող ժխտել, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամը մոնոպոլիզացնում է քննարկումը, և այդ պատճառով ես ցանկանում եմ Ուկրաինայի կառավարությանն ասել, որ ոչինչ և ոչ ոք չի ստիպի մեզ մոռանալ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում», - ասել է վարչապետը։«Մենք կշարունակենք նույն ինտենսիվությամբ աջակցել ուկրաինացի ժողովրդին», - հավելել է նա։
Բանակցությունների շրջանակում Ուկրաինան և Իսպանիան ստորագրել են համագործակցության մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական համագործակցության վերաբերյալ կառավարական համաձայնագիր, ինչպես նաև Իսպանիայում համատեղ արտադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր։
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զենք արտադրողները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել իսպանական Sener Aerospace & Defence ինժեներական և տեխնոլոգիական խմբի հետ։«Մենք քննարկել ենք Ուկրաինայի ՀՕՊ համակարգի արտադրության և ամրապնդման հնարավորությունները։
ՀՕՊ-ի ամրապնդումը և կյանքերի պաշտպանությունը մեր գերակա խնդիրն է։ Մենք նաև հետաքրքրված ենք հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության համատեղ նախագծերով։ Ուկրաինան ունի նոր մշակումներ և պատրաստ է դրանք ընդլայնել», - ասել է Ուկրաինայի նախագահը։Ավելի վաղ Զելենսկին այցելել էր Լոնդոն, որտեղ հանդիպել է Չարլզ 3-րդ թագավորի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։