Իրանի հաղթանակը Ռուսաստանին ձեռնտու չէ, բայց պարտությունը նրա համար աղետ կլինի


 

Իրանի հաղթանակը Ռուսաստանին ձեռնտու չէ, բայց պարտությունը նրա համար աղետ կլինի

  • 20-03-2026 17:00:18   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Իրանի Կասպյան նավատորմը ամբողջովին ոչնչացված է: Ինչպես փոխանցել են իսրայելական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անձնական սոցիալական հարթակում գրել է, որ Իրանի ռամզածովային և ռազմաօդային ուժերը «այլևս գոյություն չունեն»: Նա ամփոփել է, որ ամերիկյան օդուժը Իրանի երկնքում գործում է բացարձակապես ազատ և նրա դեմ «նույնիսկ չեն կրակում»: Ռուսաստանյան մամուլը, մինչդեռ, հավաստել է, որ Իրանը «ոչնչացրել է ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչը»:
 
Ըստ որոշ աղբյուրների, Իրանը Ռուսաստանից ձեռք է բերել «Վերբա» տեսակի շարժական զենիթահրթիռային միջոցներ: Իսրայելական մամուլում տեղեկություն է տարածվել, որ իսրայելական օդուժը Կասպից ծովի իրանական հատվածում «ոչնչացրել է Ռուսաստանից Իրան սպառազինություններ տեղափոխող նավախումբ»: Փորձագետները եզրակացրել են, որ այդուհետև Ռուսաստան-Իրան ռազմական մատակարարումների այդ երթուղին «անվտանգ» չէ:
 
Reuters-ի տեղեկություններով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «մտադիր է մոտ ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինին և խնդրել, որ Իրանին սպառազինությունների մատակարարումը դադարեցնի»: Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» ռազմական հարցերով մեկնաբան Ռոն Բեն-Իշայի գնահատմամբ՝ «Ռուսաստանին Իրանի հաղթանակը ձեռնտու չէ, բայց Մերձավոր Արևելքում պատերազմը հնարավորություն է, որպեսզի ուկրաինական ռազմաճակատում Մոսկվան ամրապնդի դիրքերը»:
 
Այս տեսակետը հիմնավոր է թվում այն առումով, որ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները գերժամանակակից սպառազինություններ է կիրառում, իսկ դա, բնականաբար, սահմանափակում է ուկրաինական բանակի մատակարարումները: ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը շատ ուշագրավ հրապարակում է արել այն մասին, որ Ռուսաստանը «տիրապետում է այնպիսի հրթիռների, որ կարող են ամերիկյան ավիակիրների համար խնդիրներ ստեղծել»:
 
Կա՞, արդյոք, ռուս-իրանական պայմանավորվածություն, թե՞ առայժմ գործ ունենք տեղեկատվա-քարոզչական «ագրեսիայի» հետ, պարզ չէ: Ակնհայտ է, սակայն, որ Մոսկվան մտադիր չէ «լքել իրանա-իսրայելա-ամերիկյան ռազմաճակատը»: Այս առումով, ամենայն հավանականությամբ, նշանային է լինելու Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: Աստրախան-Էնզելի նավագնացությունը ռուս-իրանական լիովին ազատ հաղորդուղի է, որի այլընտրանքը Ռուսաստան-Ադրբեջան-Իրան կամ Ռուսաստան-Կենտրոնական Ասիա-Իրան «միջանցքն» է:
 
Բայց երկրորդ դեպքում Ռուսաստանը և Իրանը պետք է ունենան Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների համաձայնությունը: Առկա իրավիճակում, երբ Ադրբեջանը միացել է Պարսից ծոցի երկրների դեմ Իրանի հարձակումները դատապարտող հայտարարությանը, իսկ Ղազախստանը՝ միացել Իսրայելի հետ «Աբրահամյան համաձայնություններին», երկրորդ տարբերակի կիրառման հավանականությունը չափազանց նվազ է: Մնում է, որ Ռուսաստանի Կասպյան նավատորմիղը իր վրա վերցնի Աստրախան-Էնզելի և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների անվտանգության ապահովումը:
 
Ռուսաստանը, գուցե, ռազմա-աշխարհաքաղաքական առումով Իրանի հաղթանակի շահառուն չէ, բայց Իսլամական հանրապետության կապիտուլյացիան, անկասկած, նրա ռազմավարական պարտությունը կլինի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում եւ Կենտրոնական Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: ՌԻԱ Նովոստիի խմբագրականը իրավիճակը ներկայացրել է այնպես, որ, իբր, Միացյալ Նահանգները «միստեր Պուտինին խնդրել է գերժամանակակից հրթիռները գործի չդնել»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը