Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Պապոյան


 

Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Պապոյան

  • 24-03-2026 18:10:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ազգային ժողովը մարտի 24-ի նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականի հունիսին ստորագրված համաձայնագրի նպատակն է ազատականացնել ու պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը:
 
Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Արդյունքում արտահանման այժմյան ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն 500 հազար ԱՄՆ դոլարով, ինչը Հայաստանին կտա նոր մրցակցային առավելություն, և արտահանման ծավալները կմեծանան: Կավելանա նաև սուբսիդավորումը:
 
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանից ԱՄԷ արտահանվող ապրանքների միջին մաքսատուրքը 6 տոկոսից կնվազի՝ հասնելով 2,6 տոկոսի:
 
Մեր երկրի ներկայացրած առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են: Գյուղատնտեսական ապրանքների մասով ներառված են թարմ մրգերը, այդ թվում՝ ելակ, վայրի ելակ, թարմ լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, շաքարով հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր, ծիրան և այլն:
 
Արդյունաբերական ապրանքների մասով ներառվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային և ռադիոհեռարձակման սարքավորումները և այլն:
 
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը