24-03-2026 18:45:56 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ինչպես հայտնել էինք, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։
Դատախազությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի դատարանի որոշումը բողոքարկելու հարցը։
2025թ. նոյեմբերի 13-ին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին։
Սամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ինքն է Սաղաթելյանի ու Սամսոնյանի դեմ հաղորդում ներկայացրել իրավապահ մարմիններին, քանի որ նրանք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել։
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
2026թ. հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրանց կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Հացադուլը սկսելուց 15 օր անց Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր։ Դրանից հետո Սամսոնյանի կալանքը փոխարինվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքով։