ՍԴ նախագահը, փոխնախագահը, դատավորներն աշխատանքային ստաժի համար կստանան հավելավճար. նախագիծ
25-03-2026 12:04:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հաշվի առնելով այն, որ ՍԴ դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին»:
Այս մասին Ազգային ժողովի մարտի 25-ի նիստին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՍԴ դատավորների վարձատրությունը բարձրացնելու մասին նախագիծը:
«Առաջարկում ենք ՍԴ նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար:
ՍԴ դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար և սահմանվում է աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման 2-րդ տարվանից․ 2-րդ տարում՝ 20 տոկոս, 3-րդում՝ 35 տոկոս, 4-րդ տարվանից յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոսով ավելի:
Նախագծի անցումային դրույթների ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները, այսինքն՝ մեկնակետը ՍԴ դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է»,- ասել է Գալյանը:
Նախարարը նաև նշել է, որ 2026-ի համար ՍԴ նախագահի, փոխնախագահի և 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմած աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 մլն 775 հազար 40 դրամի ծախս: