Քննարկվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
25-03-2026 16:30:43 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Նիստը վարող ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել են Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ելույթում Թադեւոս Ավետիսյանն անդրադարձել է հանձնաժողովի գործունեությանը, լիազորությունների շրջանակին, սպառողների իրավունքների պաշտպանությանը, ներկայացրել ոլորտում միջազգային փորձը: Զեկուցողը նշել է, որ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախեւառաջ պետք է իրականացնի մրցակցային դաշտի՝ ներառյալ պետական գնումների ոլորտում արդյունավետ մրցակցության ապահովման նկատմամբ վերահսկողություն:
Խոսելով սպառողների պաշտպանության ժամանակակից մոտեցումների մասին՝ թեկնածուն առանձնացրել է իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում: Թադեւոս Ավետիսյանի խոսքով ԵՄ-ում ներդրվել են թվային հարթակների վերահսկողությանն ուղղված նորարական կարգավորման փաթեթներ:
Զեկուցողի կարծիքով հանձնաժողովի որոշումները պետք է պարունակեն հստակ իրավական, տնտեսական հիմնավորումներ, պետք է գործեն վերաքննության եւ բողոքարկման արդյունավետ գործուն մեխանիզմներ:
Նիստում պատգամավորները քվեարկությամբ ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: