Խորհրդարանը քննարկել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը


 

Խորհրդարանը քննարկել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

  • 25-03-2026 16:40:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովը մարտի 25-ին քննարկել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից առաջադրվել է Ներսես Երիցյանի թեկնածությունը:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Ներսես Երիցյանի կենսագրությունը, նրա մասնագիտական հմտություններն  ու երկարամյա աշխատանքային ուղին: Ներսես Երիցյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, 2023 թվականից առայսօր Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամի տնօրենն է:
 
Ներսես Երիցյանի կենսագրական տվյալներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:  
 
Ելույթ ունենալով՝ Ներսես Երիցյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը վստահության եւ իր թեկնածությունն այդ կարեւոր պաշտոնում առաջադրելու համար, ներկայացրել այդ պաշտոնում ընտրվելու պարագայում իր գործունեության տեսլականն ու պատկերացումները, խոսել թվային վերափոխման, մրցունակ թվային հասարակություն եւ տնտեսություն ձեւավորելու գործընթացից, անդրադարձել կիբեռանվտանգության ապահովման հարցին, ոլորտում առկա մարտահրավերներին եւ այլ հարցերի:
 
«Ձեր վստահությանն արժանանալուց հետո պատրաստ եմ իմ  հանրային եւ կորպորատիվ կառավարման գիտելիքները, փորձը եւ լավագույն միջազգային փորձառությունը ներդնել, որպեսզի հանձնաժողովի անդամների հետ համատեղ ձեւավորենք օրինակելի եւ մրցունակ  հանրային կառույց»,- ընդգծել է թեկնածուն:
 
Ներսես Երիցյանն այնուհետ պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
 
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն