Որևէ մեկը սիրուն աչքերի համար երաշխավոր չի դառնում․ ԱԳ նախարարը՝ խաղաղության երաշխավորների մասին


 

Որևէ մեկը սիրուն աչքերի համար երաշխավոր չի դառնում․ ԱԳ նախարարը՝ խաղաղության երաշխավորների մասին

  • 25-03-2026 19:00:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Միջազգային հարաբերություններում որևէ երկիր սիրուն աչքերի համար երաշխավորություն չի ստանձնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով խաղաղության գործընթացում երաշխավորների թեմայի շուրջ քննարկումներին։
 
Միրզոյանը նշել է, որ ընդդիմությունը վերջին շրջանում ակտիվորեն առաջ է քաշում երաշխավորների թեման։
 
«Այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Մինչ այդ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, հիմա խոսում են խաղաղության մասին, բայց՝ երաշխավորներով»,- ասել է նա։
 
Միրզոյանի խոսքով՝ միջազգային հարաբերություններում երաշխավորները միշտ առաջնորդվում են սեփական շահերով։
 
«Սառը հաշվարկների աշխարհում ոչ մեկ ոչ մեկի սիրուն աչքերի համար երաշխավորություն չի անում և նաև իր զինվորների արյունը չի թափում, ծախսերը չի անում»,- ընդգծել է նախարարը։
 
Նա հավելել է, որ պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ նույնիսկ երաշխավորված և ստորագրված համաձայնությունները խախտվել են՝ երբեմն հենց այդ երաշխավորների կողմից։ Միրզոյանի գնահատմամբ՝ ներկայում առկա խաղաղությունը արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ պահպանվելով տարածաշրջանային լարված պայմաններում։
 
«Խաղաղությունը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ այն շահավետ է երկու կողմերին»,- ընդգծել է նա։
 
Նախարարի խոսքով՝ Հայաստանի նպատակը Ադրբեջանի հետ փոխշահավետ համագործակցության համակարգի ձևավորումն է, որը կխթանի երկարաժամկետ խաղաղության պահպանումը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը