Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը
25-03-2026 19:15:34 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am Իրանի պետական հեռուստատեսությունը, հղում անելով անանուն բարձրաստիճան պաշտոնյայի, հայտարարել է, որ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության ծրագիրը, որը նպատակ ուներ ավարտել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը։
«Իրանը բացասաբար է արձագանքել շարունակվող պարտադրված պատերազմը դադարեցնելու նպատակով ներկայացված ամերիկյան առաջարկին»,- ըստ անգլալեզու Press TV հեռարձակողի՝ ասել է պաշտոնյան։
«Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ Իրանը որոշի, որ այն պետք է ավարտվի, այլ ոչ թե, երբ Թրամփը պատկերացնի դրա ավարտը»,- հայտարարվել է Իրանի պետական հեռուստաալիքով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն 15 կետանոց առաջարկ է Պակիստանի միջոցով փոխանցել Իրանին: Wall Street Journal-ն ու AP-ն որոշ մանրամասներ են հայտնել հնարավոր գործարքի մասին, մասնավորապես, որ Իրանին առաջարկվում է ապամոնտաժել իր երեք հիմնական միջուկային օբյեկտները, դադարեցնել ուրանի հարստացումը, սահմանափակել աջակցությունն իր պրոքսիներին, ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը և սամանափակել հրթիռային ծրագիրը:
Դրա դիմաց կվերացվեն միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ն կաջակցի Իրանին իր քաղաքացիական միջուկային ծրագրի հարցում: