Իրանի և տարածաշրջանի «անվտանգության ճարտարապետության» հարցում Թուրքիան և Ադրբեջանը «տարակարծություններ» ունեն


 

Իրանի և տարածաշրջանի «անվտանգության ճարտարապետության» հարցում Թուրքիան և Ադրբեջանը «տարակարծություններ» ունեն

  • 26-03-2026 17:28:05   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Մարտի 25-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը սոցիալական X հարթակում թուրքերենով հետևյալ գրառումն է կատարել. «Սիոնիստական ագերսիվ վարչախմբի դատապարտման հարցում հիացմունքի է արժանի Թուրքիայի Հանրապետության նախագահ, իմ թանկագին եղբայր պարոն Ռեջեփ Թայփ Էրդողանի վճռական դիրքորոշումը»: Փեզեշքիանը ընդգծել է, որ Թուրքիայի ժողովուրդը տարիներ շարունակ իսլամական համայնքի համերաշխությունը պահպանելու հարցում կարևոր դեր է խաղացել: «Աստծո օրհնությամբ մենք կշարունակենք այդ օրհնյալ ճանապարհը»,- ամփոփել է Իրանի նախագահը:
 
Իրանը ներկայումս դիմակայում է ոչ միայն իսրայելա-ամերիկյան հարձակմանը, այլև ներվերնախավային չափազանց բարդ շրջան է ապրում: Պետական կառավարման համակարգում նախագահի դերը հասցված է նվազագույնի: Ըստ տեղեկությունների, իսրայելա-ամերիկյան դաշինքը հետկոնֆլինկտային Իրանի գլխավոր դերակատար է համարում խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին: Թուրքիայի նախագահի հասցեին Մասուդ Փեզեշքիանի հաճոյախոսությունը, թերևս, պայմանավորված է նրանով, որ իրանա-ամերիկյան հնարավոր բանակցությունների միջնորդության հարցում բավական ազդեցիկ է Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը:
 
Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակից Աբաս Արաղչիի հետ, որից հետո հայտարարել է, որ Անկարան «պատրաստ է ստանձնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման պատասխանատվությունը»: Թուրքիան դիվանագիտական խորհրդակցություններ է անցկացրել նաև Սաուդյան Արաբիայի հետ: «Անադոլուն» հայտնել է, որ մարտի 25-ին Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Սիրիայի, Կատարի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարների հետ և քննարկել «տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ հարցեր»:
 
Այս ֆոնին Israel Inside-ը, վկայակոչելով նախանցյալ շաբաթ խորհրդարանականների մակարդակով Բաքվի և Անկարայի միջև ծավալված բանավեճը, որի առիթը Իրանի ղեկավարության հասցեին Իլհամ Ալիևի թույլ տված կոպիտ որակումներն էին, եզրակացրել է, որ Իրանի և տարածաշրջանի «անվտանգության ապագա ճարտարապետության հարցում Թուրքիան և Ադրբեջանի միասնական» չեն: Ըստ իսրայելցի փորձագետների, «Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Իսրայելը Մերձավոր Արևելքում դոմինանտ երկիր չլինի, մինչդեռ Ադրբեջանի համար Իսրայելի հետ համագործակցությունը չափազանց թանկ» է:
 
Բարդ է կողմնորոշվել, թե որքանո՞վ են իրական թուրք-ադրբեջանական «տարաձայնությունները», որքանով՝ քարոզչական: Բաքվի իշխանական մամուլի հրապարակումներից դատելով՝ Ադրբեջանը թեև հրապարակային չեզոքություն է պահպանում, բայց իրականում ակնկալում է, որ իսրայելա-ամերիկյան կոալիցիան «կխորտակի Իրանի կրոնապետությունը»: Իլհամ Ալիևը պաշտոնական Թեհրանին չափազանց լուրջ «անհանգստություններ» է պատճառել, որպեսզի համոզված լինի, որ հետկոնֆլինկտային ավելի ուժեղ Իրանի հետ այլևս նախկին տոնայնությամբ խոսել չի ստացվելու:
 
Թուրքիան, ինչպես ավելի վաղ ենք նկատել, փորձում է Ալիևին դուրս բերել հակաիրանական կոալիցիայից: Ըստ երևույթին, Էրդողանը դժվարությունների է հանդիպել: Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Սաիդովին Ֆիդանի հեռախոսազանգը դրա վկայությունն է: Իրանի հարցում չեզոք, բայց՝ իսրայելա-ամերիկամետ դիրքորոշում ունի նաև Ղազխաստանը: Տեղեկություն է տարածվել, որ մայիսին Ղազախստանում պետք է գումարվի Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողով: Եթե անգամ մինչ այդ Իրանի դեմ պատերազմը դադարած լինի, միևնույն է՝ ԹՊԿ-ն պետք է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության «նոր ճարտարապետության» հարցում սկզբունքային որոշում կայացնի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը